News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Այսօր ամբողջ աշխարհում հակամարտություններն ընթանում են հիբրիդային ձևերով՝ քարոզչության և հակաքարոզչության մեծ բաղադրիչով, տեղեկատվության և ապատեղեկատվության ահռելի հոսքերով։ Շատերը կարծես լուրջ չեն վերաբերում դրան կամ չեն հասկանում՝ ինչ է կատարվում, մինչդեռ օտարներն օր-օրի յուրացնում են մեր մշակության արժեքները, խեղաթյուրում մեր պատմությունը։

Այս խնդրի շուրջ NEWS.am—ը զրուցել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս–քարտուղար Արթուր Իշխանյանի հետ։

Միջազգային տարբեր հարթակներում գիտական զեղծարարությունը վերջին շրջանում խիստ ակտիվացել է։ Հետևո՞ւմ եք այդ զարգացումներին։

Գիտությունների ազգային ակադեմիան ուշադիր է միջազգային հարթակներում գիտական զեղծարարության հանդեպ և համապատասխան քայլեր է ձեռնարկում` դրան փաստարկված, ակադեմիական ձևով հակադարձելու համար։ Մասնավորապես, վերջերս Ակադեմիայում ստեղծվել է գիտավերլուծական հիմնադրամ, որի խնդիրներից մեկն է միջազգային գիտական հարթակներում հրապարակվող նյութերի մոնիթորինգը և մեր գիտական հանրության ներուժի մոբիլիզացումը համապատասխան արձագանքի համար։

Միջազգային տարբեր հարթակներում զեղծարարությանը հակազդելու համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք քայլեր։ Բայց հարցի քննարկումը ցույց է տալիս, որ այդտեղ կան որոշ խնդիրներ։ Դրանցից առավել կարևորն այն է, որ այդ միջազգային հարթակներում նյութեր տեղադրելու համար անհրաժեշտ է, որ լինեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված ամսագրերում հրապարակված գիտական հոդվածներ։ Մասնավորապես, դա վերաբերում է Վիքիպեդիայի պես այնպիսի մի կարևոր հանրագիտարանի, որի հոդվածներն են առաջին հերթին հանդես գալիս գուգլի կամ այլ նմանատիպ համացանցային որոնողական համակարգերով փնտրում իրականացնելիս։

Իրավիճակը մասնագիտորեն պատկերացնելու համար դիտարկենք, թե ինչպես է գործում Վիքիպեդիան։ Եթե այն ստանում է բողոքներ, որ իր այսինչ հոդվածում հրապարակումների վրա հղումներ չկան (իսկ, մեղմ ասած, ոչ բարյացակամ երկրների համար այսօրինակ բողոքների տարափ ստեղծելը հեշտությամբ արվող բան է), ապա բողոքի առարկա հոդվածը համարվում է ոչ հավաստի, ու տեղադրողին առաջարկում են հղումներ ավելացնել։ Դա չանելու դեպքում հոդվածը հեռացվում է։

Այդ խնդիրների ի՞նչ լուծումներ է առաջարկում Ակադեմիան:

Առաջին հայացքից թվում է, թե լուծումը մեր գիտնականների աշխատանքների թարգմանությունն է միջազգային լեզուներով։ Բնականաբար, ոչ-մասնագիտական պատկերացումներով՝ այս կարծիքը շատ բնական է։ Սակայն, մասնագիտական քննարկման դեպքում պարզ է դառնում, որ, ցավոք, այդ մեխանիզմը չի կարող օգնել, քանի որ միջազգային տեղեկատվական հարթակների կողմից այդ թարգմանությունները որպես հիմք չեն կարող ընդունվել։ Անհրաժեշտ է գործել այլ մոտեցմամբ։

Ընդհանուր տրամաբանությամբ, գլխավոր քայլը կլինի մեր հայագիտական, հումանիտար և հասարակագիտական հանդեսները հասցնել այն մակարդակին, որ դրանք ընդգրկվեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում (Scopus, Web of Science և այլն) և ակադեմիան ձեռնամուխ է եղել այս հարցի լուծմանը։ Մեր հանդեսների համար ստեղծվել են համապատասխան պայմաններին բավարարող կայքէջեր, սկսվել է այդ կայքէջում աշխատելու հմտությունների զարգացումը խմբագրակազմերի կողմից։

Բայց միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկվելը երկարատև գործընթաց է․ լավագույն դեպքում երկու տարի կպահանջվի, իսկ միջինում՝ շատ ավելի երկար։ Այնուհետև, շատ տարիներ կպահանջվեն այդ ամսագրերի ընթերցողների լայն «լսարան» ձևավորելու համար։

Հետևաբար, այս պահին մենք պետք է ձգտենք ակտիվ լինել հանրաճանաչ, վաղուց արդեն լայն լսարան ունեցող միջազգային ամսագրերում։ Հարցը քննարկվել է համապատասխան մասնագետների հետ, և մենք կոչ ենք անում էապես ավելացնել անգլերենով և այլ միջազգային լեզուներով բարեխիղճ գիտական բովանդակության ստեղծումը և դրա հրապարակումը միջազգային լայն ճանաչում ունեցող ամսագրերում։ 

Իսկ չկա՞ մտավախություն, որ դա հայոց լեզուն երկրորդ պլան կմղի։

Չեմ կարծում։ Աճառյանը, Ջահուկյանը, Համբարձումյանն էլ էին օտար լեզուներով գիտական հոդվածներ գրում, սակայն դա չէր խանգարում նրանց լինել հայրենասեր։ Հիշենք թեկուզ Համբարձումյանի կտակը հայոց լեզվի մասին, այն դեպքում, երբ նա հայերեն գիտական հոդված չի գրել (տե՛ս Վ. Հ. Համբարձումյանի աշխատությունների մատենագիտությունը)։

Լեզվի խնդիրն անշուշտ շատ կարևոր է։ Անձնապես ինձ համար այն առաջնային է։ Ես մասնակցել եմ «Լեզվի մասին» օրենքի մշակմանը՝ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի ղեկավարությամբ, և բոլոր այս տարիներին մշտապես պայքարում եմ դրա լիարժեք իրականացման համար։ Ըստ ամենայնի, խնդրի լուծման քայլերից մեկն այն է, որ զուգահեռ հրապարակվեն նաև մեր այլալեզու նյութերի հայերեն տարբերակները։ Այստեղ կարևոր է գիտական հանրության ինքնագիտակցությունը, որպեսզի այն լրացուցիչ ճիգեր գործադրի նաև հայերենով նյութերը հրապարակելու համար։

Սակայն վերադառնանք գիտական զեղծարարության խնդրին։ Կարծում եմ, որ բոլոր դեպքերում մեր մարտահրավերները պահանջում են իրականացնել լայն պետական ծրագիր՝ անգլալեզու և այլ միջազգային լեզուներով բովանդակության ստեղծման համար։ Պետք են հատուկ դրամաշնորհներ և այլն։

Բացի այդ, անհրաժեշտ է նաև ինչ-որ չափով փոխել հումանիտար և հասարակագիտական ոլորտներում իրականացվող հետազոտությունների թեմատիկան։ Թեմատիկայի փոփոխություններ ինստիտուտները պետք է կատարեն՝ առավել կենտրոնանալով այն թեմաների վրա, որոնց շուրջ ներկայում թեժ քննարկումներ են ընթանում։ Մասնավորապես, մեր մշակութային ժառանգության յուրացման, կամ Հայաստանի հանրապետության տարածքի, հայ ժողովրդի պատմական անցյալի նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ։

Այդ ոլորտներում որակյալ անգլալեզու բովանդակություն ապահովելու համար ԳԱԱ–ն նաև առաջարկում է մեր վաստակաշատ գիտնականներին կցել երիտասարդ գիտնականների։ Օբյեկտիվորեն այնպես է ստացվել, որ մեր լավագույն գիտնականներն արդեն առաջացած տարիքի են և ոչ բոլորն են տիրապետում օտար լեզվի պահանջվող մակարդակին։ Միջազգային բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տպագրվելու համար հոդվածները պետք է գրված լինեն լավ լեզվով։ Երիտասարդ գիտնականներն այսօր օտար լեզուներին ավելի լավ են տիրապետում, քանի որ ասպիրանտուրայում դրա վերաբերյալ պահանջները վերջին շրջանում որոշ չափով խստացվել են։

Այդպիսի տանդեմը՝ վաստակաշատ գիտնական/երիտասարդ գիտնական, կարող է արդյունավետ աշխատել. երիտասարդ գիտնականը զուգահեռաբար հարուստ գիտելիք և տարբեր միջազգային հարթակներում հանդես գալու փորձ ձեռք կբերի։ Դիտարկվել է նաև թարգմանիչներ ներգրավելու հարցը, բայց ԳԱԱ–ում համարում են, որ առաջին մեխանիզմն ավելի հեռանկարային է երկարաժամկետ կտրվածքով։

Կարո՞ղ են Սփյուռքի գիտնականները ներգրավվել այս գործընթացում։

Այո, պետք է նաև ակտիվորեն օգտագործել Սփյուռքի ներուժը։ Այստեղ ևս պետք է համալիր գործողությունների ծրագիր։ Հավանաբար, դրամաշնորհներով պետք է աջակցել համատեղ հոդվածների հրապարակումը մեր սփյուռքահայ հայրենակիցների հետ։ Այս հարցում վիճակն այսօր բավարար համարել չի կարելի. քիչ են նման հրապարակումները։ Իմիջիայլոց, համատեղ հոդվածների հրապարակման դեպքում կմեղմվի այդ նույն անգլերենի կամ այլ միջազգային լեզուների հարցը, ինչպես նաև միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հանդեսներում հրապարակվելու դժվարությունների հաղթահարման հարցը։ Դա հնարավորություն կտա նաև ավելի սահուն կերպով իրականացնել թեմատիկայի արդիականացում։

Կա՞ն ինչ-որ դժվարություններ։

Ոչինչ առանց դժվարությունների չի լինում, իհարկե հանդիպում ենք, բայց ընդհանուր առմամբ գործն ընթանում է։ Աշխատանքը դժվարանում է, երբ ստիպված ենք լինում յուրաքանչյուրին ամենայն մանրամասնությամբ բացատրել խնդիրների էությունը։

Տպել
Ամենաշատ