News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հատուկ ծառայություններում ենթադրում են, որ հնդկական հետախուզությունը կարող է ներգրավված լինել սիկհ անջատողականների առաջնորդներից մեկի՝ Հնդկաստանում արգելված «Սիկհերը հանուն արդարության» կազմակերպության անդամ Գուրպատվանտ Սինգհ Փաննունի սպանությունը նախապատրաստելու դավադրության գործում:

Ըստ The Washington Post-ի՝ 2023 թվականի հունիսին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի՝ Միացյալ Նահանգներ այցի ընթացքում հնդկական հետախուզության աշխատակիցը վերջին հրահանգներ էր փոխանցում մի խումբ վարձու մարդասպանների՝ Միացյալ Նահանգներում Մոդիի ամենաբացահայտ քննադատներից մեկին վերացնելու ուղղությամբ:

ԱՄՆ-ի և հնդկական հետախուզության աղբյուրները պնդում են, որ հնդկական արտաքին հետախուզության աշխատակից Վիքրամ Յադավը, որը գործողությունը «առաջնահերթ նպատակ» է բնութագրել, վարձու մարդասպաններին տեղեկություններ է փոխանցել Փաննունի, ներառյալ՝ նրա նյույորքյան հասցեի մասին:

Ըստ ամերիկյան հատուկ ծառայությունների՝ Յադավի նույնականացումը մատնանշում է դավադրության մեջ հնդկական հետախուզության մասնակցությունը։ Արևմտյան անվտանգության աշխատակիցները հայտնել են նաև, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի անցկացրած  մահափորձի գործով հետաքննության ընթացքում հայտնաբերվել են պոտենցիալ կապեր Մոդիի մերձավոր շրջապատի հետ:

ԿՀՎ-ն և ՀԴԲ-ն պնդում են նաև, որ գործողությանը հավանություն է տվել Հնդկաստանի այն ժամանակվա արտաքին հետախուզության ղեկավար Սամանտ Գոելը։

2023 թվականի նոյեմբերին Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ իշխանությունները խափանել են ամերիկյան հողում սիկհ անջատողական առաջնորդի սպանության դավադրությունը և փոխանցել իրենց անհանգստությունը Նյու Դելիին միջադեպին Հնդկաստանի ենթադրյալ մասնակցության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ