News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը կան, դրանք ՀՀ կառավարության տրամադրության տակ են, և դրանց հետ աշխատում են, ընդ որոմ՝ ոչ մեկ գերատեսչություն, աշխատում են տարբեր գերատեսչություններ, դրանք գաղտնիության որոշակի սանդղակ ունեցող փաստաթղթեր են և իրենց հետ աշխատելու, հարաբերվելու որոշակի ռեժիմներ կան, և ենթադրում եմ, որ թյուրիմացությունները կարող են կախված լինել այդ ռեժիմների հետ: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, Հանրային հեռուստաընկերության տված հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պնդմանը, որ ընդդիմադիր պատգամավորներից մեկը հարցում է արել Կադաստրի կոմիտե եւ իրեն ասել են, որ այդ փաստաթղթերը Կադաստրի կոմիտեի տրամադրության տակ չկան:

Փաշինյանը պարզաբանեց, որ դեռ 2022-ին «Հայաստան» խմբակցության ղեկավարը հարցում է արել եւ Կադաստրի կոմիտեից խնդրել կամ պահանջել է այդ թղթերը, եւ նրան ասել են՝ այդ փաստաթղթերի գաղտնիության ռեժիմն այնպիսին է, որ չեն կարող դրանք տրամադրել, բայց հրավիրել են խմբակցության ղեկավարին ծանոթանալ փաստաթղթերին Կադաստրի կոմիտեում:

«Հետագայում, երբ սահմանազատման այս գործընթացներն ակտիվացել են, այդ հարցումը եղել է 2022թ., Պաշտպանության նախարարությունն իր գործառույթներն իրականացնելու համար այդ փաստաթղթերը խնդրել է Կադաստրի կոմիտեից և Կադաստրի կոմիտեն տրամադրել է ՊՆ-ին, ենթադրում եմ՝ գաղտնիության ավելի բարձր աստիճանով, և երբ այդ ժամանակ երկրորդ անգամ Կադաստրի կոմիտե դիմել են, Կադաստրի կոմիտեն ուղղակի ասել է, որ մեր ձեռքի տակ այդ փաստաթղթերը չկան»,-ասաց նա:

Անդրադառնալով բույն սահմանազատման գործընթացին, վարչպետն ասաց. «Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել մի այնպիսի բանաձև, որը կապահովի ոչ միայն առանձին վերցրած մի հատվածի սահմանի վերականգնում լեգիտիմ հիմքի վրա, այլև հանրապետության, ավելի ճիշտ՝ Հայաստան-Ադրբեջան ամբողջ սահմանագծով:

Հիմա մենք պետք է սկզբունք որդեգրենք, թե ի՞նչ սկզբունքով ենք սահմանազատումն իրականացնում, մենք այդ տարբեր տրցակներից վերցնում ենք այն թղթապանակները, որոնք իրար հետ, այսպես ասած, լեգիտիմ կապ ունեն, և այդ լեգիտիմ կապով մենք ոչ թե մի առանձին վերցրած հատվածի խնդրի տրամաբանությամբ ենք նայում, այլև մեր տրամաբանությամբ, որ մեր սահմանի ամբողջ երկայնքի լեգիտիմ վերարտադրումը կարողանանք արտաբերել»,-ասաց Փաշինյանը: 

Դիտարկմանը, որ ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունը հատվածական սահմանազատում է անում, ինչն աշխարհում գոյություն չունի, ինչո՞ւ ողջ սահմանի սահմանազատումը, սահմանագծումը չի արվում փաթեթով, Փաշինյանն ասաց. «Գիտեք՝ փաթեթի մասին պատկերացումները մենք նախ պետք է կոնկրետ ճշգրտենք, որովհետև եթե վերցնենք աշխարհում ոչ մի երկիր հենց ուղղակի չի դրել այսպես մի գործողությամբ սահման ձևավորել, միշտ էլ սահմանի ձևավորման գործընթացը, վերարտադրման կամ սահմանազատման գործընթացն ինքը տևական գործընթաց է, այսինքն՝ դա մի կոճակ չէ, որ մենք սեղմենք և սահմանը վերարտադրվի, լուսավորվի: Մենք այսօր ձևավորում ենք սահմանի վերարտադրության համար անհրաժեշտ փաթեթը, և այդ փաթեթը հիմնված է Ալմա-Աթայի հռչակագրի վրա»:

Նա հիշեցրեց, որ սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են մի քանի կարևոր բաների մասին. «Դրանցից առանցքայինը, որ Ալմա-Աթայի հռչակագիրը երկու կողմերից ընդունվում է որպես բազային սկզբունք՝ սահմանազատման գործընթացի համար, և սահմանազատումն այդ սկզբունքով  որևէ տեղից պետք է սկսվի  և սկսվում է այդ տեղից, և  պետք է իր բնականոն հունով շարունակվի և ամբողջանա: Փաստաթղթում այս պրոցեսն անվանված է սահմանազատման սկզբնական գործընթաց  և այդ սկզբնական գործընթացը կարևոր է նաև հայտնի հանգամանքների բերումով, որպեսզի մենք այս ընթացքում կուտակած փորձը, արդեն գետնի վրա կուտակած փորձը կարողանանք ձևավորել որպես, ինչպես միջազգային խոսույթում ընդունված է ասել՝ լավագույն պրակտիկա, և այդ լավագույն պրակտիկան ձևակերպել, այդ լավագույն պրակտիկայի ձևակերպումը բերել խորհրդարանի հաստատմանը՝ որևէ ձևաչափով, և ահա այդ մանդատի վրա շարունակել ամբողջական գործընթացը:

Նույն սահմանազատման հարցում եկեք նայենք Հայաստանի և Վրաստանի օրինակը: Այս սահմանազատումն արդեն 20 և ավելի տարի շարունակվում է, բայց մենք նախ կարծում ենք, որ Վրաստանի հետ էլ, և Վրաստանի գործընկերների հետ մի քանի անգամ խոսել եմ և ունենք ընդհանուր ըմբռնում, որ պետք է արագացնել գործընթացը:

Առավել ևս Ադրբեջանի պարագայում, մեզ բոլորիս հայտնի հանգամանքների պայմաններում, պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը: Ինչո՞ւ, որովհետև քանի սահմանազատված չէ, հասկանալի է, որ կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ, և այս է պատճառը, որ մենք սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի»,- հայտարարեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ