Հոնկոնգյան South China Morning Post-ը, վկայակոչելով Հարբինի ճարտարագիտական համալսարանի մասնագետներին, հայտնել է, որ չինական ռազմարդյունաբերական համալիրը մոտ է լազերային շարժիչով գերարագ սուզանավ ստեղծելուն:
Լազերը սուզանավերի շարժիչում կիրառելու գաղափարն առաջին անգամ մտահղացել են ճապոնացի գիտնականները դեռ 20 տարի առաջ: Դրա էությունն այն է, որ լազերները ստորջրյա պլազմա են գեներացնում՝ ստեղծելով պայթեցման ալիք, որն էլ ռեակտիվ շարժիչի արագությամբ ստորջրյա նավը շարժման մեջ է դնում: Այս տարիների ընթացքում ճապոնացիների չինացի գործընկերները հսկայական ջանքեր են գործադրել՝ փորձելով բացահայտել լազերային եզակի տեխնոլոգիայի գաղտնիքը: Եվ ահա, ըստ Հարբինի հետազոտողների, դա նրանց հաջողվել է։
Որպեսզի սուզանավը ջրի տակ արագ շարժվի, որոշվել է այն պատել լավագույն օպտիկական մանրաթելերով, որոնք արձակում են լազերային ճառագայթներ մինչև 70 հազար նյուտոն հզորությամբ, ինչը համեմատելի է ընդամենը երկու մեգավատ լազերային հզորությամբ ռեակտիվ շարժիչի ցուցանիշի հետ: Շարժվելիս սուզանավի մակերեսը սուպերկավիտացիոն էֆեկտի պատճառով ծածկվում է պղպջակների շերտով, որոնք դառնում են մի տեսակ քսանյութ՝ բազմապատկելով նավի արագությունը։
Միևնույն ժամանակ այն գրեթե անաղմուկ է շարժվում, քանի որ ընդհանրապես մեխանիկական աղմուկ չունի։ Եթե նման հեղափոխական գաղափարը հնարավոր լինի կյանքի կոչել, Չինաստանը նոր սերնդի սուզանավերի ստեղծման անվիճելի առաջատարը կդառնա։