1995 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերը Ադրբեջանը պաշտպանության համար ծախսել է առնվազն 26-27 միլիարդ դոլար, իսկ Հայաստանը՝ 6,5-7 միլիարդ դոլար։ Այս մասին ապրիլի 17-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է տնտեսական գիտությունների թեկնածու Ատոմ Մարգարյանը։
«Սա վկայում է այն մասին, որ մենք հավատարիմ չենք մնացել պարիտետի պահպանմանը, իսկ թշնամի երկիրը հետևել է իր օրակարգին։ Մենք ստեղծել ենք տնտեսական համակարգ, որը կարելի է բնութագրել որպես առևտրավաշխառուական կապիտալիստական համակարգ, որտեղ գերիշխում են բանկերը և առևտուրը»,- հավելել է նա։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանը չկարողացավ օգտվել իր ունեցած ռեսուրսներից և չկարողացավ հասնել նրան, ինչին հասավ Իսրայելը, որը նույնպես կանգնած էր ռազմաքաղաքական սպառնալիքների առաջ։
Մարգարյանն առաջարկել է բարեփոխումները սկսել հարկային քաղաքականությունից՝ բացատրելով, որ հարկումը պետք է տարբերակված լինի։
Բացի այդ, նա առաջարկել է ներդնել կառավարության ծրագրի իրականացման պատասխանատվության ինստիտուտ։
Եթե ծրագիրը չիրականացվի, դրան պետք է հաջորդի հրաժարականը, նշել է Մարգարյանը։