News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի դիմաց ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, փորձում են հետ մղել ցուցարարներին, հայտնում է «Paper Kartuli»-ն։

«Mtavari»-ն հաղորդում է, որ ոստիկանականերն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ցույցը ցրելու ժամանակ մարմնական վնասվածքներ են ստացել «Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն և Զուրաբ Ջափարիձեն։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ բողոքի ցույցը ցրելու ժամանակ գերատեսչության մեկ աշխատակից է վիրավորվել։

«Грузия Online»-ի փոխանցմամբ՝ տուժած ակտիվիստներին առաջին բուժօգնություն են ցուցաբերում մյուս ակտիվիստներն ու բժիշկները։

Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ պղպեղի սփրեյի կիրառման հետևանքով մի քանի մարդ է տուժել․ քաղաքացիներին բուժօգնություն ցուցաբերելու անհրաժեշտություն է առաջացել։

Խորհրդարանի մոտ ձերբակալություններ են սկսվել. երկրի Ներքին գործերի նախարարությունը նաև նախազգուշական ազդանշան է հնչեցրել, որից հետո հատուկջոկատայինները սկսել են ցրել ցույցը և կիրառել ջրցան մեքենաներ։

Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ակցիա է տեղի ունենում «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ։ Արդեն երկրորդ օրն է, ինչ վրացական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները բողոքում են իշխող կուսակցության՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» ռուսաստանյան նմանակն  ընդունելու մտադրության դեմ, հայտնում է SOVA-ն։

Ապրիլի 15-ին խորհրդարանի իրավական հանձնաժողովը պաշտպանեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, իսկ ապրիլի 16-ին պատգամավորները սկսեցին այն քննարկել առաջին ընթերցմամբ։

Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ։

ԱՄՆ պետքարտուղարությունը նախօրեին հայտարարել է, որ օրինագծի ընդունումը կվնասի Վրաստանի քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ աշխատող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և կհեռվացնի Վրաստանը եվրոպական ուղուց։ Ավելի վաղ համանման հայտարարություն էր արել նաև Եվրահանձնաժողովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ