News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Բարձրաստիճան հոգևորականներին, որոնք հիմա հանդես են գալիս որպես քաղաքական գործիչներ և ընդդիմադիր արքեպիսկոպոսներ, չէի նույնացնի Հայ Առաքելական Եկեղեցու հետ՝ նրանք շատ փոքր են Եկեղեցու հետ նույնականանալու համար, որովհետև եթե իրենք Եկեղեցին են, մենք էլ, ուրեմն, պետությունն ենք, բայց մենք էլ ենք շատ փոքր պետության հետ նույնականանալու համար։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հատկապես վերջին օրերին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից իշխանության հասցեին հնչող կոշտ հայտարարություններին ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից Տավուշում սահմանամերձ գյուղերի բնակիչների՝ տարածքային զիջումների դեմ պայքարն առաջնորդելուն։

Եկեղեցու վենախավի մի մասը, ըստ նրա, անթաքույց քաղաքական գործունեությամբ է զբաղված։

«Դա նորմալ է՝ ՀՀ ամեն քաղաքացի կարող է քաղաքականությամբ զբաղվել, բայց թող պատրաստ լինեն նրան, որ դիտարկվելու են որպես քաղաքական սուբյեկտներ ու չփորձեն Առաքելական եկեղեցին դարձնել վահան և վերջինի շղարշի ներքո իրենց ապապետական գործունեությունը քողարկել։ Ընդդիմադիր արքեպիսկոպոսն ասում է՝ Հայաստանի սահմանն այնտեղ է, որտեղ կարող է կանգնել հայ զինվորը։ Այս հայտարարությունը երկու խնդիր կա․ առաջինը՝ հիմա հայ զինվորը Ջերմուկի հատվածում չի կարողացել կանգնել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, և այն Ադրբեջանի օկուպացիայի տակ է։ Այդ տրամաբանությամբ՝ հայ զինվորը չի կարողացել, ադրբեջանցին կարողացել է, ուրեմն վե՞րջ։ Եթե ասենք՝ որտեղ զինվորը կանգնել, մերն է, ուրեմն նույն տրամաբանությամբ հակառակորդը նույնը կարող է ասել, և կստացվի՝ հաղթողը նա է, ով ուժեղն է։ Կստացվի՝ սահմանը պետք է որոշվի ոչ թե իրավական ուժ ունեցող փաստաթղթերով, այլ ուժով։ Սա լավագույն դեպքում՝ չկշռադատված, վատագույն դեպքում՝ ապապետական հայտարարություն է»,- ասել է Ռուբինյանը։

Արձագանքելով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը, որ «հոգևոր Հայաստանը պետք է հաղթի նոր Հայաստանին, եռագույնը՝ սև ու սպիտակին», Ռուբինյանը նշել է․ «Ո՞ր հոգևոր Հայաստանի մասին է խոսքը, որ Եկեղեցու որոշ սպասավորներ «Բենթլի»-նե՞ր էին նվեր ստանում, բիզնեսների և օֆշորային սկանդալների մե՞ջ էին, որ մարդկանց Երևանի հրապարակներում սպանում էին, իրենք բան չէի՞ն ասում։ Հիմա են եկեղեցականներն ակտիվացել, որովհետև, ինչպես մեր ընդդիմադիր գործընկերներից մեկն էր ամիսներ առաջ ասում, կհնչի զանգն ու կանցնեն գործողությունների․․․ հիմա հերթական զանգն է՝ սա ապրիլյան զանգն է, հաջորդը, երևի, սեպտեմբերյան կլինի, սեզոնային զանգերից հերթական է։ Ըստ երևույթին, զանգողները մտածել են՝ երևի էս նախկին, կոռումպացված քաղաքական գործիչներով ոնց որ չի ստացվում հեղաշրջում անել Հայաստանում, եկեք ուրեմն որոշ եկեղեցականների առաջին պլան բերենք, որոնց ռեսուրսները կոռումպացված նախկին իշխանավորների ռեսուրսներն են։ Ցավում եմ, որովհետև այս գործողությունների հետևանքով Եկեղեցու հեղինակությունը կարող է սասանվել, բայց սա իրենց ընտրած ճանապարհը՝ եթե սա է նրանց ընտրած ճանապարհը, ուրեմն, ինչպես ասում են, Աստված օգնական»։

Տպել
Ամենաշատ