Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության արտագաղթը Հայոց ցեղասպանության տարր է, որը, ի խոր ափսոսանք և ամոթ, տեղի ունեցավ մեր աչքի առաջ, և ես ամաչում եմ Պետդումայի իմ այն գործընկերներից, ովքեր հաճույքով են պատմում. որ սա պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում և այլն։ Այս մասին Մոսկվայում կայացած «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» միջազգային համաժողովում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Նա նշեց, որ աշխարհասփյուռ հայերի և աշխարհասփյուռ հայության ընկերների համար ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայում ցեղասպանության զոհերի հիշատակի ճանաչված օր է։ Զատուլինը հիշեցրել է, որ 1995 թվականին ՌԴ Պետդուման ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և ափսոսանք հայտնեց, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն ճանաչել և չեն պատրաստվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Թուրքիայի նախագահն իր ուղերձը հղեց՝ փորձելով հայերի ու թուրքերի զոհերը նույն հարթության վրա դնել՝ ներկայացնելով ամեն ինչ այնպես, որ իբր դա փոխադարձ բան է»,- ընդգծեց պատգամավորը։
«Ես տարածքային ամբողջականության հարցերին չեմ անդրադառնում։ Մենք ունենք այս հարցում փորձագետ՝ պարոն Փաշինյանը (նկատի ունի Հայաստանի վարչապետին- խմբ.), ով բոլորին ասել է, թե ինչից է բաղկացած թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և շարունակում է գնալ այս ճանապարհով։ Սա, իմ կարծիքով, խորապես ներքին հայկական խնդիր է, թեև ոչ միայն հայկական։ Ես, չնայած այն ամենին, ինչ առավոտից երեկո կարդում եմ ադրբեջանական կայքերում և բլոգներում իմ մասին, և արդեն որոշ ժամանակ է՝ Փաշինյանի համախոհների որոշ հայկական կայքերում, ով ինձ արգելեց մուտքը Հայաստան 2022 թվականին, երբեք իրեն թույլ չի տվել վիրավորել ադրբեջանական ժողովրդին»,- նշել է Զատուլինը։
Նրա խոսքով, ղարաբաղյան հիմնախնդրի գոյության երկար տարիների ընթացքում ինքը մշտապես հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անկախ կարգավիճակում գոյության իրավունքի ճանաչման և Լեռնային Ղարաբաղի պարագծի երկայնքով տարածքների մի մասի վերադարձի օգտին, որոնք 1994 թվականին անցան հայկական վերահսկողության տակ։
Պատգամավորն այն, ինչ տեղի ունեցավ այս տարիների ընթացքում՝ սկսած 2020-ից, ապա՝ 2023-ից, անվանեց ողբերգություն և պատմություն, որն ապագայում կունենա անվերապահ հետևանքներ։ «Եվ բոլոր նրանք, ովքեր խոսքով կամ իրականում ցանկանում են այս տարածաշրջանումհակամարտող կողմերի միջև ինչ-որ բարիդրացիական հարաբերություններ հաստատել, չեն կարող աջակցել խնդրի նման լուծմանը»,- հավելեց նա։