Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա անհրաժեշտությունն այս պահին չկա: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Ինչ վերաբերում է ռուսական ու ադրբեջանական գազին, շատ դեպքերում շատ դժվար է տարանջատել, որ երկիրը, որ գազ է սպառում, այդ գազն իրականում որ աղբյուրից եկած գազն է: Այսինքն հնարավոր է, որ մենք Ռուսաստանի հետ ունենանք պայմանագիր եւ ՌԴ-ից գնենք գազը, բայց քանի որ այդ գազամուղները խաչվում են, այդ գազամուղի մեջ որոշակի պահի գազի որոշակի ծավալ լինի ադրբեջանական: Կամ եվրոպական երկրները գնում են ադրբեջանական գազ, բայց իրականում այդ գազի մեջ առկա լինի ռուսական գազ: Սա տեխնիկական հարց է:
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան եւ ավելի շահավետ գնով, ապա մենք պետք է քննարկենք այդ հնարավորությունը: Հակառակը պնդել կնշանակի երկրի պետական շահերին վնասել»,-ասաց նա:
Թունյանի խոսքով, այսօր Հայաստանը մտածում է ունենալ էներգետիկ անվտանգության այնպիսի մակարդակ, որը իր համար ընդունելի կլինի. «Իսկ դա նշանակումէ ունենալ եւ ատոմային էներգետիկա, եւ արեւային էներգետիկա, եւ հիդրոէներգետիկա: Այսօր մեր էլեկտրականության մոտ 30 տոկոսն արտադրում է ատռոմակայանը, մոտ 30 տոկոսը արտադրվում է գազի միջոցով, 30 տոկոսը հէկ-երի միջոցով եւ արեւայինի կշիռը բարձրացել է մոտավորապես 10 տոկոսի: Բայց քանի որ այդ ցիկլրի մեջ գազից կախվածությունը բավականին մեծ է, մենք այդտեղ դրսի ռիսկերից կախված ենք, թե գնի տատանումներից, թե գազամուղի հնարավոր խնդիրներից, ապա մեզ ձեռնտու է այնպես անենք, որ մենք մաքսիմալ անկախ լինենք ու ապահովագրված լինենք հնարավոր ռիսկերից:
Դա նշանակում է ունենալ նոր ատոմակայան, դա նշանակում է արեւային ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործել, եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են»,- ընդգծեց Բաբկեն Թունյանը:
Ալիեւը չի բացառել, որ Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել