News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանը մոնոներկայացում է, և այդ մեկ մարդը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ձախողումների և պատճառած կորուստների համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Մտորումներ Հայաստանում և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

Ի՞նչ է տեղի ունեցել

Այսօրվա աղետի և մղձավանջի անատոմիան նույնքան ակնհայտ է, որքան մարդու մարմնի մագնիսա-ռեզոնանսային շերտագրության պատկերը: Նիկոլ Փաշինյանի՝ մեկը մյուս հետևից գործած սխալները բերել են պատերազմի և Լեռնային Ղարաբաղի առաջին մասնակի կորստին։ Հաջորդող սխալները հանգեցրին Լեռնային Ղարաբաղի լիակատար կորստին և դրա հետևանքով բնակչության զանգվածային արտաքսմանը, իսկ շարունակվող կոպիտ սխալները Հայաստանը խցկել են զոհաբերության ձուլակաղապարը։ 44-օրյա պատերազմից հետո սխալներն ընդունելու և դրանք շտկելու փոխարեն որոշվեց ավելի խորանալ այդ սխալներն արդարացնելու արատավոր շրջանի մեջ: Սա դրսևորվել է ինչպես համառությամբ սխալները բազմապատկելով, այլևս մեղքն այլ կողմերի վրա բարդելով։

Գլխավոր մեղավորը

- Հայաստանում արդյունավետ կառավարումը պահանջում է դիվանագիտական և ռազմաքաղաքական խելամտության նվազագույն մակարդակ, հմտություններ, որոնցից Փաշինյանը մշտապես զուրկ է եղել։ Նրա կրթությունը և զինվորական ծառայություն անցած չլինելը համահունչ չեն այս կարևոր ոլորտների հետ, և ընդդիմադիր լինելու ընթացքում արտասահմանյան մի քանի խորհրդարանական այցերից բացի նա նվազագույն փորձ է ձեռք բերել այս ոլորտներում: Այս թերությանը գումարվում է այն, որ Փաշինյանը գերագնահատում է իր հասկացողությունը, ինչը նրա մոտ կոմպետենտ լինելու կեղծ զգացողություն է առաջացնում՝ անխուսափելիորեն հանգեցնելով ձախողման։

- Իշխանությունը ստանձնելուց հետո Փաշինյանն անորոշություն և անհետևողականություն դրսևորեց ԼՂ հիմնախնդրի և արտաքին քաղաքական այլ հարցերի վերաբերյալ։ Նա գաղափար չուներ՝ ինչ անել ու չխորհրդակցեց փորձառու խորհրդատուների հետ՝ նախընտրելով հավատալ, որ երկիմաստությունը հավասարազոր է ուղղվածության: Ներգրավված բոլոր կողմերին գոհացնելու նրա վերջնական մոտեցումը ծառայեց միայն լարվածության սրմանը և հակամարտության բորբոքմանը` ի վերջո աշխատելով hօգուտ Ադրբեջանի: Նրա հռետորաբանությունն ու լեզուն դարձել են իր և Հայաստանի ամենավատ թշնամիները։ Նրան թվում էր, թե իր փողոցային խելքն ու խորամանկությունը, որոնք իրեն լավ են ծառայել որպես լրագրող և ընդդիմադիր քաղաքական գործիչ, նույնքան լավ կծառայեն վարչապետի դերում։

- Փաշինյանի կայացրած որոշումներն աչքի են ընկնում իռացիոնալությամբ: Նախ, ռացիոնալ առաջնորդը պետք է զերծ լինի անձնական կողմնակալությունից և ճանաչողական պատրանքներից: Փաշինյանի խորը թշնամանքն ու ատելությունն իր նախորդների և արտաքին որոշ ուժերի նկատմամբ մթագնել են նրա դատողությունը։ Նրա՝ որպես լրագրող անցած ճանապարհը վկայում է նաև, որ նա հանուն անձնական և քաղաքական շահի հակված է խեղաթյուրել փաստերը, սովորություն, որը պահպանվել է նրա քաղաքական կարիերայի ընթացքում՝ խաթարելով առողջ որոշումներ կայացնելու նրա կարողությունը:

- Ավելին, ռացիոնալ որոշում կայացնողը պետք է կարողանա տարբերակել նուրբ հայեցակարգերը, հմտություն, որը Փաշինյանին խիստ պակասում է։ Հավատը՝ ապացույցի, հավանականությունը՝ պատահականության, հարաբերակցությունը՝ պատճառահետևանքային կապի հետ շփոթելու հետևանքները կարող են սարսափելի լինել,  ինչի մասին վկայում է Փաշինյանի սխալ որոշումների ու դրանց հետագա հետևանքների պատմությունը:

- Այժմ, երբ նրա անձնական անվտանգությունը և վարչապետի աթոռը միաձուլվել են, նրա ռացիոնալության մակարդակն ամենացածր կետին է հասել: Նա և նրա համախոհները կենտրոնացած են բացառապես իշխանության պահպանման վրա՝ իրենց որոշումները պայմանավորվելով  այս եզակի նպատակով: Ազգի մնացած մասը կարող է միայն հուսալ, որ այն, ինչը ձեռնտու է իրեն և նրա անձնական անվտանգությանը, համընկնում է հայ ժողովրդի շահերի հետ, թեև պատմությունը հուշում է, որ դա հազվադեպ է պատահում:

- Ամփոփելով․ Փաշինյանի դիվանագիտական և ռազմաքաղաքական գիտելիքների սակավությունը հետևողական ռազմավարության բացակայության և իռացիոնալ կերպով որոշումների կայացման հետ մեկտեղ Հայաստանը բերել են ներկայիս ծանր վիճակին։ Հայաստանը մոնոներկայացում է, և այդ մեկ մարդը պետք է պատասխանատվության ենթարկվի ձախողումների և կորուստների համար։ 

Հայաստանի կտրուկ շրջադարձը 

- Հայաստանի կտրուկ շրջադարձը դեպի Արևմուտք՝ խզելով բոլոր կապերը Ռուսաստանի հետ, սխալ հաշվարկված և անիմաստ քայլ է։ Դա դժվար է բացատրել և հարկ էլ չկա։ Առնվազն, դա անելու ավելի նուրբ եղանակներ կան:

- Նկատի ունենալով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցի կապակցությամբ վարչապետի գործընկերների ցուցաբերած մանկական ոգևորությունը, Փաշինյանի վերջին այցը Բրյուսել և արևմտյան տերությունների կողմից արված բարենպաստ նախաձեռնությունները դրդում են ինձ կասկածի տակ դնել այսօրվա «էլիտայի» հասունությունը։ Թվում է՝ նրանք կարող են չունենալ պատմական հեռանկարի, հիշողության և հեռատեսության զգացում: Նրանց մոտ վեհության մոլուցք կա, կարծես թե Հայաստանի ինտեգրումը կամ նույնիսկ ասոցացումն արևմտյան քաղաքակրթությանը բեկումնային մեկնարկի շեմին է իրենց իմաստուն և խանդավառ առաջնորդությամբ։

- Միայն 1998-ից 2008 թվականներին իմ՝ ԱԳ նախարար եղած ժամանակ  Հայաստանը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի երեք տարբեր գլխավոր քարտուղարների: 2004 թվականին մենք նույնիսկ ՆԱՏՕ-ի զորավարժություններ ենք անցկացրել հայկական հողում՝ Թուրքիայի մասնակցությամբ։ Չլինելով դաշինքի անդամության պաշտոնական թեկնածու՝ ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները բացառիկ խորն էին, և այդ ամենը Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը և մեր առաջատար դերը ՀԱՊԿ-ում պահպանելով։ 

Այն ժամանակ Լեռնային Ղարաբաղում կայունություն էր տիրում, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ մտահոգությունները գործնականում բացակայում էին։ Նույնը կարելի է ասել եվրոպական և անդրատլանտյան այլ կառույցների հետ Հայաստանի հարաբերությունների մասին։ Արևելք-Արևմուտք բարդ պար։ 

- Արեւմուտքը մեր տարածաշրջանում չորս նպատակ ունի՝ դուրս մղել Ռուսաստանը, մեկուսացնել Իրանը, ապահովել ադրբեջանական նավթի ու գազի անխափան հոսքը եւ, իհարկե, օգնել Հայաստանին։ Այդ նպատակներին հասնելու համար նրանց պետք է և նրանք ձգտում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և բոլոր ջանքերը կգործադրեն դա իրականացնելու համար։

- Մյուս կողմից, Ռուսաստանի նպատակներն են պահպանել իր ներկայությունն ու ազդեցությունը, պահպանել Իրանի կարևորությունը տարածաշրջանում, և Ռուսաստանը ոգևորված չէ Արևմուտքի ճնշման և հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հեռանկարից։

- Արևմտյան տերությունները հմտորեն կգայթակղեն Հայաստանին անվտանգությունն ամրապնդելու և ֆինանսական աջակցություն տրամադրելու խոստումներով։ Այս առաջարկները կոչված են մեղմելու այն ցավալի կորուստների և անհրաժեշտ փոխզիջումների հարվածը, որին Հայաստանը պետք է դիմանա։ Միևնույն ժամանակ, նրանք կզբաղվեն նաև Ադրբեջանի հետ՝ միգուցե մահակ թափահարելով ու կփորձեն մեղմել նրա պահանջները Հայաստանի նկատմամբ։

- Ընդհանուր առմամբ, Արեւմուտքին լուրջ աշխատանք է սպասվում՝ պետք է չափավոր դարձնի ադրբեջանցիների պահանջները, խրախուսի Փաշինյանին մասամբ ընդունել ադրբեջանցիների պահանջները՝ միաժամանակ ամրապնդելով Փաշինյանի դիրքերը երկրի ներսում՝ նրա առաջնորդական դիրքերը պահպանելու համար։

- Համաշխարհային խաղացողների միջև այս բարդ պարը մնում է դիտարժան տեսարան, որի արդյունքը անկայուն կերպով կախված է հավասարակշռությունից: Միայն ժամանակը կարող է ապահովել աշխարհաքաղաքական այս բարդ գլուխկոտրուկի հանգուցալուծման բանալին, սակայն դժվար է պատկերացնել, որ Փաշինյանը միայնակ ունի նրբանկատություն և ռազմավարական իմաստություն ի շահ Հայաստանի այս դավաճանական ջրերում հմտորեն նավարկելու համար։

- Մեր իրավիճակը չափազանց նման է Ուկրաինայի իրավիճակին։ Մենք ուկրաինացման առաջին փուլն անցանք, երբ կորցրինք Լեռնային Ղարաբաղը, իսկ այժմ գտնվում ենք երկրորդ փուլի շեմին՝ հայկական տարածքի զգալի մասի հնարավոր կորստով հանդերձ։ 44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, ինչպես նաև ուկրաինական պատերազմից։ Ցավոք սրտի, երկու երկրներն էլ ղեկավարում էին մարդիկ, ովքեր նվազագույն պատկերացում չունեին դիվանագիտության և միջազգային քաղաքականության մասին։

Ի՞նչ անել

ԱՌԱՋԻՆ՝ Հայաստանին անհրաժեշտ է խելացի, կոմպետենտ, խիզախ և ռացիոնալ ղեկավարություն: Այսօրվա ղեկավարությունը չի համապատասխանում այս պահանջներին։

ԵՐԿՐՈՐԴ՝ մենք պետք է դադարենք գործել պատերազմի սպառնալիքի ներքո։ Մեր ուղեցույցը պետք է լինի մեր ազգային շահը։ Մենք պետք է հասկանանք, որ միջազգային քաղաքականությունը գործընթաց է, որտեղ ազգային շահերը հարմարեցվում են, բայց չեն ոտնահարվում։ Ազգային շահեր հասկացությունը չի ենթադրում ո՛չ բնական ներդաշնակ, խաղաղ աշխարհ, ո՛չ էլ պատերազմի անխուսափելիություն՝ որպես հետևանք բոլոր երկրների կողմից իրենց ազգային շահերի հետապնդման։ Ընդհակառակը, դա ենթադրում է հակամարտող շահերի մշտական ​​ճշգրտում՝ դիվանագիտական ​​գործողությունների միջոցով։

ԵՐՐՈՐԴ՝ մենք պետք է սահմանենք և ճշգրտենք մեր ազգային շահերը՝ գտնելով ճիշտ հավասարակշռություն երկրի և մեր շուրջը նոր իրողությունների միջև՝ չզիջելով մեր հիմնարար իրավունքները, չփոխելով մեր ինքնության աղբյուրները և չթուլացնելով մեր պետականության հիմնասյուները։

ՉՈՐՐՈՐԴ՝ մենք պետք է վերաձևակերպենք մեր աշխարհաքաղաքական մտածողությունը՝ թարմացնելով գոյություն ունեցող ռազմավարական դաշինքները՝ հիմնված նոր ըմբռնումների վրա՝ միաժամանակ ամրապնդելով գործընկերությունն ու համագործակցությունը բոլոր գլոբալ ուժային կենտրոնների հետ:

ՀԻՆԳԵՐՈՐԴ՝ մենք պետք է հասնենք ներքին միասնության և համախմբվածության։

Վերջաբան

- Կար ժամանակ, երբ Հայաստանը կառավարում էր իրավիճակը։ Դիվանագիտությունը մեր հիմնական զենքն էր։ Մենք ունեինք մեզ աջակցող դաշնակիցներ և մեր սահմանները հարգող հակառակորդներ։

- Այսօր, սակայն, մեր արտաքին քաղաքականությունը խճճված է, դաշինքները քանդվում են, իսկ մեր հակառակորդները գայլերի սոված ոհմակի պես շնչում են մեր թիկունքին։ Մենք, կարծես, ընթանում ենք թանձր մառախուղի միջով՝ առանց կողմնացույցի և խափանված GPS-ով: Մենք մոլորվել ենք հակասական շահերի և փոփոխվող դաշինքների լաբիրինթոսում ու «աչքերը կապած ցլի պես սեփական ճենապակու խանութում սայթաքելով ու պատեպատ խփվելով»՝ անասելի վնաս և տառապանք ենք պատճառում ինքներս մեզ: Ներկայիս ղեկավարության ոչ կոմպետենտության մակարդակն իսկապես ապշեցուցիչ է։

- Մենք թակարդվել ենք արատավոր շրջանի մեջ, որից դուրս գալը ներկայիս ղեկավարության օրոք անհնար է թվում: Ռուսաստանն ու Իրանը չեն վստահում Փաշինյանի ղեկավարությանը։ Թուրքիան և Ադրբեջանը թերահավատորեն են վերաբերվում նրա խոսքերին։ Թեև Արևմուտքը կարող է հանուն իր նպատակներին հասնելու ցույց տալ, թե վստահում է նրան, սակայն դա պայմանավորված է ոչ թե նրա հեղինակությամբ, այլ ավելի լավ այլընտրանքների բացակայությամբ և մի տեսակ նման է «հաշվարկով ամուսնության»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ