Ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայր չկա։ Եթե կա, ուրեմն թող անունը տան։ Կարող եմ նշել այն բնակավայրերը, որոնց մասին խոսում է Ադրբեջանը։ Հայկական կողմին քննադատողները կարո՞ղ են այդպիսի բնակավայր անվանել։ Այս մասին ապրիլի 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Արծվաշենը մեր տարածքն է, և այդ մասին խոսակցությունը կշարունակվի։ Սա մեր ինքնիշխան տարածքի մի մասն է։ Երբ խոսք բացվի անկլավների մասին, մենք կխոսենք դրա մասին:
Տավուշում կան տարածքներ, որտեղ հայկական ուժերը առաջադիմել են, կան վայրեր, որտեղ ադրբեջանական ուժերն են առաջացել հայկական տարածք:
Ես ուրախ եմ, որ մենք սյուներ ենք տեղադրում և ապահովում սահմանը: Չէ՞ որ մենք սահման ենք ֆիքսում ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի համար։
Մենք սահման ենք ստանում։ Մի՞թե սահման ստանալը միակողմանի զիջում է։ Մի՞թե զիջում է այն, որ հավանական հարձակվող կողմը ճանաչում է մեր սահմանը: Հայաստանի որևէ տարածք հանձնվե՞լ է։ Հայաստանի տարածքի ոչ մի մետր չի կարող քննարկման առարկա լինել»,- հավելել է Սիմոնյանը։
Նա վստահեցրել է, որ Հայաստանի տարածքը ոչ ոք չի հանձնում։
Ինչ վերաբերում է 31 գյուղին, ապա խոսքը կենսական նշանակության տարածքների մասին է, պարզաբանել է խորհրդարանի նախագահը։
«Որտեղ մենք ենք առաջ գնացել՝ նահանջում ենք, որտեղ Ադրբեջանն է առաջ եկել՝ նրանք են նահանջում։ Հիմա այս տարածքը դարձել է ավելի պաշտպանված (նկատի ունի Տավուշի տարածքները - խմբ.), քանի որ սահմանը ֆիքսվել է։ Եթե նրանք որոշեն հարձակվել, այս դիրքերը շատ քիչ տարբերություն կունենան: Իմ երաշխիքը օրինական սահմանն է, այն, որ Ադրբեջանը ճանաչել է սահմանի այս հատվածը։ Ավելի հուսալի երաշխիք աշխարհում ոչ ոք չի ստեղծել։
Որևէ մեկը կարծո՞ւմ է, որ մենք՝ լավագույն դիրքեր ունենալով, կարող ենք կռվել Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի և սիրիական վարձկանների դեմ։ Հարցը միայն զոհերի թիվն է։ Բայց մենք պետք է հայկական և ադրբեջանական օրակարգից հանենք պատերազմի մասին մտածելակերպը։
Իսկ հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչո՞վ էին զբաղված այդ բոլորը (բողոքողները - խմբ.) պատերազմի ժամանակ։ Ոչնչով, բայց հիմա դատարկաբանությամբ են զբաղված։ Հիմա նրանք, այդ թվում՝ երրորդ երկրի դրդմամբ, զբաղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտություն սանձազերծելով, որպեսզի ի հայտ գան հարցեր լուծողներ և հայտնվեն խաղաղապահներ։ Մեզ խաղաղապահներ պետք չեն, մեզ պետք է, որ մենք վերահսկենք սահմանը։
Մենք սահմաններ ունենք, և հիմա Ալիևը ներքին լսարանի համար, Ռուսաստանի և Թուրքիայի հետ սակարկելու և էլի ինչ-որ նպատակով ինչ-որ բան է հայտարարել։ Դա ինձ շատ քիչ է հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է իրականությունը։ Իսկ իրականությունը նշանակում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը, ինչպես նաև Ալիևն է հայտարարել, ունեն սահմանի անվիճելի հատված։ Իսկ հարձակման առիթ միշտ էլ կարող է լինել։
Նրանք, ովքեր փորձում են դիվիդենտներ ստանալ այս գործընթացներից, նրանց մոտ ոչինչ չի ստացվի, նրանք պարտվողներ են։ Նրանք հասարակությանն ասելիք չունեն, իսկ այն, ինչ ասում են, դրսից է թելադրված։ Սա շատ լավ են հասկանում Հայաստանի քաղաքացիները։
Սադրիչները, որոնք հինգերորդ շարասյունն են, փորձում են խաղալ մարդկանց զգացմունքների հետ։ Սրանք մարդիկ են, որոնք կորցրել են իշխանությունը և հիմա փորձում են սադրանք կազմակերպել։ Նրանք ժողովրդին առաջարկելու ոչինչ չունեն։
Երբ գա ժողովրդի կարծիքը լսելու ժամանակը, մենք կլսենք ժողովրդի կարծիքը։ Սա հիմա նույնպես արվում է։ Հայաստանի վարչապետը պարբերաբար հանդիպում է գյուղացիների հետ»,- հավելել է Սիմոնյանը։
Ի գիտություն Սիմոնյանի, Տավուշի ճանապարհները փակել են այն քաղաքացիները, որոնց ներկայիս տեսքով սահամանազատումը կզրկի անվտանգությունից և նույնիսկ սեփական տներից։