Մեր պետությունն այս պետությունն է, սակայն կորցրած հայրենիքի սխալներից պետք է դասեր քաղել, եւ այսօր այդ դասերը քաղելու օրերից մեկն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալրում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» կուսայկցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարությունների նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա խնդիր է տեսնում հայտարարության մեջ, որտեղ ասվում է, որ պետք է հավաքել ցեղասպանության 1,5 մլն զոհերի անուն-ազգանունները. «Սա պրոբլեմատիկ խոսույթ է: 1,5 մլն զոհերի անուն-ազգանունները փնտրելը, ըստ էության,կասկածի տակ դնող թեզ է, հետեւաբար, դա պետք է ամեն կերպ արգելել: Դա բավականին երկար ժամանակ Թուրքիայի կողմից լոբբինգ արվող թեզ է, որ եկեք պատմաբանների հանձնաժողով ստեղծենք, իրենց արխիվը, որտեղ արդեն բնականաբար, ոչ մի բան չկա, բացենք, եւ կտեսնեք, որ չի եղել Ցեղասպանություն: Ցանկացած մեկը, որ կմտնի այդ լոբբինգի մեջ, կսկսի փնտրել 1,5 մլն հայերի անուն-ազգանունները, նա տրվելու է Թուրքիայի օրակարգին, վերջում հանգելով նրան, որ ցեղասպանության եղելության հարցը դնելու է կասկածի տակ»,-ասաց նա: