ԱՄՆ Սենատը քվեարկել է արտասահմանցիներին հետևելու ծրագիրը վերականգնելու օգտին այն բանից հետո, երբ տարաձայնությունները, թե արդյոք պետք է սահմանափակել ծրագրի օգտագործումը ՀԴԲ-ի համար՝ ամերիկացիների տվյալների որոնման հարցում, գրեթե հանգեցրին օրենքի գործողության դադարեցմանը, հաղորդում է AP-ն:
Օրինագիծը, որը հաստատվել է Սենատում ձայների 60՝ կողմ, 34՝ դեմ հարաբերակցությամբ, երկու տարով երկարաձգելու է ծրագիրը, որը հայտնի է որպես Արտաքին հետախուզության հսկողության մասին օրենքի 702-րդ բաժին: Այժմ այն կուղարկվի երկրի նախագահ Ջո Բայդենին։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասել է, որ Բայդենը «արագ կստորագրի օրինագիծը»:
Ավելի վաղ այս օրինագիծը հավանության էր արժանացել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից։
Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ հսկողության այս գործիքը, որն առաջին անգամ թույլատրվել է 2008 թվականին և դրանից հետո մի քանի անգամ երկարաձգվել է, վճռորոշ նշանակություն ունի ահաբեկչական, կիբեր հարձակումնեը և օտարերկրյա լրտեսությունը կասեցնելու, ինչպես նաև հետախուզական տվյալներ ստանալու համար, որոնց վրա ԱՄՆ-ն ապավինում էր կոնկրետ գործողությունների անցակացման ժամանակ, ինչպիսին էր 2022 թ. Ալ-Քաիդայի առաջնորդ Այման ալ Զավահրիի սպանությունը։
Ծրագիրը թույլ է տալիս ԱՄՆ կառավարությանը երկրից դուրս գտնվող օտարերկրացիների մասին, առանց նրանց գիտության, տվյալներ հավաքել արտաքին հետախուզության համար։