Հայաստանի ԱԳՆ-ն կառավարության հաստատմանն է ներկայացրել մի նախագիծ, որով Արգենտինայի եւ Հայաստանի միջեւ վերացվում է վիզային ռեժիմը։ Այսինքն՝ Հայաստանի քաղաքացիները կարող են Արգենտինա մեկնել առանց վիզայի՝ ՀՀ անձնագրով։ Բնականաբար՝ այդ ռեժիմը կկիրառվի նաեւ Արգենտինայի քաղաքացիների նկատմամբ Հայաստանում։

Հարցը կառավարության կողմից կքննարկվի փետրվարի 24-ի նիստում։

Արտգործնախարարության ներկայացրած բացատրագրում նշված է, որ Արգենտինան կլինի ԱՊՀ-ից դուրս առաջին պետությունը, ում հետ վիզային հարաբերությունները լրիվ ազատականացվում են: Այն կունենա դրական հասարակական հնչեղություն, ինչպես նաեւ կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի այլ պետությունների` մասնավորապես Բրազիլիայի, Չիլիի եւ Ուրուգվայի համար: Հիշեցնենք, որ այդ երկրներում հայկական հոծ համայնքներ կան։

Ըստ արտոգործնախարարության՝ սույն ռեժիմի հաստատումը միգրացիոն լուրջ ռիսկեր չի պարունակում, քանի որ աշխարհագրորեն Հայաստանն ու Արգենտինան բավական հեռու են։