Reviews
Լրահոս
Reviews
Չորեքշաբթի
Օգոստոս 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ օրաթերթը» գրում է. «Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը` Շուշան Ղազարյանը, ամիսներ առաջ գրառում էր արել, որտեղ արցախցիներին ասում էր. «Աստծուց մոռացված դժբախտներ, մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ: Դուք մեկի հետ յոլա գնալ կարո՞ղ եք»: Բարձրացած աղմուկից հետո տիկինը մի պաթետիկ գրառումով ներողություն խնդրեց արցախցիներից՝ նշելով, որ Արցախի համար ինքը ոչինչ չի խնայել, պայքարել է, սակայն ատում է բոլոր նրանց, ովքեր թալանել են Արցախը եւ այլն: Սա, իհարկե, Շուշան Ղազարյանի միակ գրառումը չէ` վիրավորական տոնով, նա 2018-ից հետո հետեւողականորեն արցախցիներին, ընդդիմությանը, Փաշինյանին բոլոր քննադատողների հասցեին վիրավորական գրառումներ է արել, թերեւս, նաեւ դա է դեր խաղացել, որ իր կենսաթոշակային տարիքի ամուսինը դարձավ Հանրային ռադիոյի տնօրեն: Բայց ուշագրավ է, որ հիմա էլ Ռադիոյի ներքին խոհանոցից է ամուսնուց տեղեկություններ ստանում եւ գրառումներ անում:

Շուշան Ղազարյանը ձեռնպահ չի մնում անգամ գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի մասին մեկնաբանություններ գրելուց․ նման մի գրառում էր արել Տիգրան Խզմալյանի էջում, եւ Խզմալյանը հեռացրել էր այդ գրառումն իր էջից: 

Դասեր չքաղելով նախորդ սկանդալից՝ այս անգամ տիկինը որոշել է ամուսնու ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին թիրախավորել: Անահիտ Բախշյանի մի գրառման տակ, որտեղ Բախշյանը շնորհակալություն է հայտնում Հանրային ռադիոյի լրագրող Աստղիկ Սարգսյանին՝ Դոնալդ Թրամփին հարց ուղղելու համար, Ռադիոյի տնօրենի կինը մեկնաբանություն է թողել. «Կեցցես, Աստղ ջան։ Անահիտ ջան, բացի այն, որ անունը չեն հաղորդում, ի դեպ` նաեւ Հանրային ռադիոյում, այլ Հ1-ով էլ չեն ասում՝ Հանրային ռադիոյի թղթակցի հարցին։ Անահիտ ջան, ԶԶՎՈՒՄ եմ մեր երկրի կեղտոտ, նախանձ, կարիճի արյուն շնչող որոշ ատյաններից։ Ես Աստղիկին անձամբ չեմ ճանաչում, բայց աշխարհի չափ ուրախ եմ երկրիս համար։ Լավ, հնարավո՞ր է էսքան չար լինեն ոչ միայն առանձին մարդիկ, այլ ամբողջ գործակալություններ, այդ թվում՝ հենց Հանրային ռադիոյի, որտեղ աշխատում է Աստղիկը։ Տեսեք, թե ինչեր պիտի հաղթահարես, որ դառնաս պրոֆ։ Ոչ թե աշխատես քո վրա, այլ դիմադրես, հիասթափվես, լացես... Հետո ասում են՝ աղջկադ BBC-ից հան, թող գա Հայրենիքում աշխատի… Էս միջավայրո՞ւմ… մեղք չի՞...»: 

Արմեն Քոլոյանին մի քանի հարց տվեցինք.

- Ձեր կինը Անահիտ Բախշյանի էջում որոշել է լրագրողներին դասեր տալ, այս անգամ՝ արդեն Ձեր ղեկավարած լրատվամիջոցի` Ռադիոյի լրագրողներին: 

- Ես չեմ մեկնաբանում ոչ մեկի, այդ թվում` իմ կնոջ ֆեյսբուքյան մեկնաբանությունները: Ես չեմ էլ կարդում դրանք ու ոչ մի կապ չունեմ այդ ֆեյսբուքային ակտիվության հետ:

- Ձեր կինը որտեղի՞ց գիտի, թե Ռադիոյում ինչ մթնոլորտ է տիրում: Ո՞վ է նրան զեկուցում այդ ամենը:

- Ես ոչ մի բան չեմ մեկնաբանի, դիմեք իմ տիկնոջը:

- Օրինակ, գրում է, որ գաղջ, զզվելի մթնոլորտ է տիրում, եւ ինքը զզվում է այդ մթնոլորտից, «այդ թվում` Ռադիոյում», որ ոչ թե պետք է աշխատես քեզ վրա, այլ դիմադրես, հիասթափվես, լացես...»: Ի՞նչ նկատի ունի նա, ինչո՞ւ է նրա մոտ կարծիք ձեւավորվել, որ Ռադիոյում նման վատ մթնոլորտ է տիրում:

- Ես իմ աշխատանքայն հարցերով ոչ մեկի հետ, այդ թվում` իմ կնոջ հետ, չեմ կիսվում, ոչ էլ երեխաներիս հետ եմ կիսվում:

- Բայց նորմա՞լ եք վերաբերվում, որ Ձեր աշխատակիցների հասցեին նման մեկնաբանություններ են գրում, այն էլ՝ Ձեր կինը….

- Չեմ կարող մեկնաբանել:

- Իսկ Դուք ի՞նչ կարծիք ունեք Հանրային ռադիոյի աշխատակիցների մասին: Նրանք իսկապե՞ս այդքան չար, նախանձ ու վատն են, որ Ձեր կինը հասցրել է զզվել նրանցից:

- Ես կարծիք չունեմ: Թեպետ «Հրապարակ» օրաթերթն իմ սիրելի թերթն է, բայց ես չեմ ուզում այս մասին խոսել:

- Ինչո՞ւ չեք ուզում խոսել: Դուք Հանրային ռադիոյի ղեկավարն եք:

- Չեմ ուզում որեւէ աշխատանքային հարց հրապարակավ մեկնաբանել: Ես իմ աշխատակիցներին համարում եմ շատ պրոֆեսիոնալ եւ լավ աշխատակիցներ:

- Արդեն որերորդ անգամ է Ձեր կինը սկանդալների կիզակետում հայտնվում, ինչի՞ արդյունք է դա:

- Ես իմ կնոջ հետ կապված սկանդալները չեմ մեկնաբանում:

- Չե՞ք փորձել զրուցել նրա հետ, որ գոնե Ձեր ղեկավարած կառույցի հարցերին հրապարակավ չմիջամտի:

- Չէ: Ես ֆեյսբուքների հետ կապ չունեմ: Չեմ կարդում, չեմ մտնում Ֆեյսբուք, Ձեզ էլ խորհուրդ եմ տալիս Ֆեյսբուք չկարդալ:

ՀԳ․ Այս հարցազրույցից րոպեներ անց «Հրապարակի» խմբագրին ուլտիմատումներով նամակ է ուղարկել Արմեն Քոլոյանի կինը` Շուշան Ղազարյանը. «Ես Հանրային ռադիոյի ղեկավարի կին լինելուց շատ տարիներ առաջ բավականին հայտնի լրագրող էի ու շարունակում եմ մնալ նույն հայտնի լրագրողը։ Իմ կարծիքը ամուսնուս կարծիքը չի։ Ոչ էլ Ռադիոյինը։ Այլեւս չհամարձակվեք իմ ստատուսների պատճառով անհանգստացնել ամուսնուս։ Եթե թեմաների սով ունեք, մեծահոգաբար կարող եմ օգնել ձեզ։ Այլ պարագայում զանգահարեք ինձ, ոչ թե ամուսնուս»։ 

Ի գիտություն Շուշան Ղազարյանին․ «Հրապարակը» Հանրային ռադիոն չէ, որ ինքը քիթը խոթի եւ որոշի, թե մենք ինչ գրենք, ում ինչ հարց տանք կամ չտանք»։

 

 

 

Տպել
Ամենաշատ