News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ է անցկացրել ՉԺՀ նախագահի Սի Ծինփինի հետ, հաղորդում է «Անադոլու»-ն։

Հանդիպումը կայացել է կիրակի, օգոստոսի 31-ին՝ Տյանցզին քաղաքում գտնվող հյուրատանը, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ գագաթնաժողովի շրջանակում։

Թուրքիայի կողմից ընդլայնված կազմով բանակցություններին մասնակցել են արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը, ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեթ Ֆաթիհ Կաջըրը, առևտրի նախարար Օմեր Բոլաթը, Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը և Չինաստանում Թուրքիայի դեսպան Սելչուք Ունալը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հայտարարություն՝ Էրդողանի և Սի Ծինփինի հանդիպման արդյունքների վերաբերյալ։

Հայտարարության համաձայն, նախագահ Էրդողանը հանդիպման ընթացքում ընդգծել է «Միջին միջանցք» նախագծի և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համադրման ուղղությամբ համատեղ քայլերի կարևորությունը։

Բանակցությունների ընթացքում մանրամասն քննարկվել է Թուրքիա–Չինաստան տնտեսական օրակարգը։

«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ հավասարակշռված և կայուն երկկողմ առևտրի ապահովման համար անհրաժեշտ է փոխադարձ ներդրումների աջակցություն։ Այս համատեքստում նա ընդգծել է թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի, առողջապահության և տուրիզմի ոլորտների բարձր ներուժը։

Էրդողանը վստահություն է հայտնել, որ չինական ընկերությունների ներդրումային հարցերում համակարգման ուժեղացումը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա ամրապնդմանը», – գրում է թուրքական լրատվամիջոցը։

Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել են պահպանել Թուրքիա–Չինաստան խորհրդատվությունների և համագործակցության գործող մեխանիզմների կանոնավոր գործունեությունը։

Էրդողանը ևս մեկ անգամ հաստատել է Թուրքիայի հավատարմությունը «մեկ Չինաստան» քաղաքականությանը՝ ընդգծելով թուրք–չինական հարաբերությունների ռազմավարական բնույթը։

Բացի այդ, հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը, Ռուսաստան–Ուկրաինա հակամարտությունը, Սիրիայի վերականգնման գործում հնարավոր համատեղ քայլերը, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի այլ արդիական թեմաներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ