
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել Զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։ Նրանք ծրագրել են նոր հեռահար հարվածներ իրականացնել Ռուսաստանի տարածքի խորքում, հաղորդում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով Զելենսկու հայտարարությունը Telegram-ում։
Նախագահը լսել է Սիրսկու զեկույցը ճակատային գծի վերաբերյալ։
Հիմնական ուշադրությունը՝ Պոկրովսկի ուղղությունն է, «որտեղ ռուսաստանյան բանակը կենտրոնացնում է առավելագույն ջանքերը և, համապատասխանաբար, կրում է ամենամեծ կորուստները»։
Ըստ Զելենսկու, «ընդհանուր առմամբ, միայն 2025 թվականի ութ ամիսների ընթացքում ռուսաստանյան կողմը ունեցել է ավելի քան 290 հազար սպանված և ծանր վիրավորված զինծառայող»։ Ամենամեծ կորուստները ռուսաստանյան կողմը կրել է հենց Դոնեցկի մարզում՝ «միաժամանակ չիրագործելով իր ռազմավարական որևէ նպատակ», հայտնում է ուկրաինական լրատվամիջոցը։
Զելենսկին և Սիրսկին նաև վերլուծել են իրավիճակը Զապորոժիեի ուղղությամբ, ինչպես նաև ռուսաստանյան կողմի մտադրությունները Սումիի և Խարկովի մարզերի սահմանամերձ տարածքներում։
«Մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործողությունները՝ հենց այնպես, ինչպես անհրաժեշտ է Ուկրաինայի պաշտպանության համար։ Ուժերն ու միջոցները պատրաստ են։ Ծրագրել ենք նաև նոր հեռահար հարվածներ», – ասել է նա։