
Ինդոնեզիայի քաղաքական կուսակցությունները համաձայնել են չեղարկել խորհրդարանականների մի շարք արտոնություններ, հայտարարել է նախագահ Պրաբովո Սուբիանտոն կիրակի օրը։ Այս քայլը դիտարկվում է որպես լուրջ զիջում ընդդիմադիր ցույցերին, որոնց արդյունքում զոհվել է հինգ մարդ, հաղորդում է Reuters-ը։
Ցույցերը, որոնք սկսվել են երկուշաբթի՝ խորհրդարանականների աշխատավարձերի և բնակարանային նպաստների չափը «չափազանց» համարելու պատճառով, հինգշաբթի վերածվել են զանգվածային անկարգությունների։ Մոտոցիկլ վարող մի քաղաքացի զոհվել է ոստիկանության գործողությունների հետևանքով՝ բողոքի ակցիայի վայրում։
Քաղաքական կուսակցությունների որոշ անդամների տները և պետական հաստատություններ թալանվել կամ հրկիզվել են։
Պրաբովոն, ելույթ ունենալով նախագահական պալատում՝ տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդների շրջապատում, հայտարարել է, որ հրահանգել է զինված ուժերին և ոստիկանությանը խիստ միջոցներ ձեռնարկել անկարգությունների և թալանի մասնակիցների դեմ՝ նախազգուշացնելով, որ որոշ գործողություններ կարելի է դիտարկել որպես «ահաբեկչություն» և «պետական դավաճանություն»։
«Խորհրդարանի ղեկավարները հայտարարել են, որ չեղարկելու են մի շարք օրենսդրական ակտեր, այդ թվում՝ պատգամավորների նպաստների չափը և արտասահմանյան աշխատանքային ուղևորությունների մորատորիումը, – ասել է Պրաբովոն։- Ոստիկանությանը և զինված ուժերին հրահանգել եմ կիրառել հնարավորինս վճռական միջոցներ՝ հանրային օբյեկտների ոչնչացման, մասնավոր տների և տնտեսական կենտրոնների թալանի դեմ՝ օրենքի շրջանակում», – հավելել է նա։
Ցույցերը դարձել են Պրաբովոյի կառավարության համար ամենալուրջ փորձությունը՝ գրեթե մեկ տարի անց իշխանության գալուց հետո, որի ընթացքում գործադիր իշխանությունը գրեթե չի բախվել քաղաքական ընդդիմության։
Ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահը՝ կապված ցույցերի հետ, չեղարկել է իր այցը Չինաստան, որտեղ այսօր անցկացվում է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը։