
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կիրակի՝ օգոստոսի 31-ին, հանդիպում կունենա Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ լեհ-բելառուսական սահմանին, հաղորդում է PAP-ը։
Քաղաքական գործիչների բանակցությունների հիմնական թեմաները կլինեն պաշտպանությունն ու անվտանգությունը, մասնավորապես՝ ԵՄ արևելյան սահմանի պաշտպանությունը և SAFE ծրագիրը։
Նրանք նաև կքննարկեն խաղաղ գործընթացը և անվտանգության երաշխիքները Կիևի համար, ինչպես նաև ԵՄ ծրագրերը, որոնք ուղղված են եվրոպական պաշտպանական կարողությունների ուժեղացմանը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է վարչապետի գրասենյակը։
Ըստ այցի ժամանակացույցի, Տուսկի և ֆոն դեր Լայենի հանդիպումը կմեկնարկի Կրինկիում՝ Սահմանապահ ծառայության Պոդլյասկի բաժանմունքում (Պոդլյասկի վոյևոդություն)։ Նախատեսված է ճեպազրույց Սահմանապահ ծառայության և Լեհական բանակի հրամանատարության հետ, ինչպես նաև հանդիպում պատվիրակության հետ։
Ավելի ուշ Դոնալդ Տուսկը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը կայցելեն լեհ-բելառուսական սահմանը։ Քաղաքական գործիչները կայցելեն «Արևելք» վահանի բաղադրիչների պահեստավորման վայրերը Կրինկիում, ինչպես նաև կուսումնասիրեն Լեհաստանի և Բելառուսի միջև արդիականացված սահմանային պատնեշը։
Եվրոպական հանձնաժողովի նախագահը այցելում է Լեհաստան՝ ԵՄ արևելյան սահմանին գտնվող յոթ երկրներ այցերի շրջանակում։ Այդ երկրներն են՝ Էստոնիան, Լիտվան, Ֆինլանդիան, Լատվիան, Լեհաստանը, Բուլղարիան և Ռումինիան։