
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Daily Caller-ին տված հարցազրույցում չի բացառել, որ կարող են ձերբակալվել ՀԴԲ նախկին տնօրեն Ջեյմս Քոմին և ԿՀՎ նախկին ղեկավար Ջոն Բրենանը՝ «Ռաշագեյթ» փաստաթղթերին առնչություն ունենալու համար։
Թրամփը մի քանի անգամ նրանց անվանել է «վատ» և «հիվանդ» մարդիկ։
«Այն, ինչ նրանք արել են, ամոթ է։ Նրանք խաբել են, ստել են, արել են այնքան վատ բաներ, որոնք վնասել են երկրին։ Եվ այն, ինչ նրանք արել են ինձ հետ՝ այն, ինչ երբեք չպետք է անեին, ոչ ոք չէր կարծում, որ նրանք երբևէ դա կանեն։ Իրականում, երբ ես հեռանում էի, ոչ ոք չէր կարծում, որ դա տեղի կունենա։ Նրանք... նրանք պարզապես խելագարվել են։ Նրանք վատ մարդիկ են։ Նրանք հիվանդ մարդիկ են։ Բոլոր հանցագործությունները նրանց ձեռքի գործն է։ Մենք հանցագործություն չենք կատարել», – ասել է ԱՄՆ նախագահը։
«Կարող եմ ասել, որ նրանք պետք է ձերբակալվեն», – նշել է նա՝ լրագրողին ուղղելով հռետորական հարց. «Գրողը տանի, գիտե՞ք, նրանք ինձ հետ ինչ են արել։ Դուք գիտե՞ք»։
Ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, Թրամփը միջամտության գործը բնութագրել էր որպես «դարի հանցագործություն» և հայտարարել, որ այն լուրջ վնաս է հասցրել երկրին։ Նա բազմիցս հղում է արել ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կողմից՝ Թուլսի Գաբարդի մասնակցությամբ պատրաստված զեկույցին։ Փաստաթուղթը հրապարակվել էր հուլիսի 18-ին։
Զեկույցի համաձայն, Բարաք Օբամայի վարչակազմը կեղծել է Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետախուզական տվյալները՝ Թրամփի ընտրություններում հաղթանակից հետո՝ նրա լեգիտիմությունը խաթարելու նպատակով։ Կասկածի տակ են հայտնվել նաև ՀԴԲ-ի և ԿՀՎ-ի նախկին ղեկավարները։
Հիշեցնենք, որ 2016 թվականին ամերիկյան հատուկ ծառայությունները մեղադրել էին Ռուսաստանին՝ ընտրություններին միջամտելու մեջ, իսկ գործը քննել էր հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը։