
«44-օրյա պատերազմից անցել է 5 տարի: Մեր կողքին ապրող բազմաթիվ ծնողներ, քույրեր, եղբայրներ ամեն օրն անցկացնում են հրաշքի սպասումով: Մեր պարտքն է մշտապես լինել նրանց կողքին, մեր աղոթքներն ուղղել մեր հայրենակիցների վերադարձին:
Ծնողներին արդարացիորեն վրդովեցրել է միջազգային իրավական հարթակներից հայցերի հրաժարման որոշումը: Շատերը հավատում էին, որ դրանք հնարավորություն կարող են ստեղծել իրենց հարազատների վերադարձի համար: Արձանագրենք նաև, որ «Խաղաղության» համաձայնագրի մեջ գերիների, անհետ կորածների վերաբերյալ չկա որևէ կետ և պահանջ:
Շատ հաճախ բախվելով իշխանությունների անտարբերությանն ու անհետևողականությանը՝ անհետ կորածների հարազատներն իրենք են ստիպված լինում սեփական միջոցներով գտնելու որևէ տեղեկատվություն:
Պատկան մարմինների հետ հանդիպումներն անցնում են հիասթափության մթնոլորտում:
Ազգային ժողովում ևս քանիցս հանդիպում պահանջող ծնողներին չեն ընդունել իշխող կուսակցության անդամները, վարչակարգի պարագլուխը:
Այսպիսի վերաբերմունքն անթույլատրելի է:
ԱԺ «Հայաստան» խմբակցության գործընկերներիս հետ մեր հնարավորությունների սահմաններում կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի անհետ կորածների հարազատներն իրենց երբևէ միայնակ չզգան: Այսօրվա հանդիպման ժամանակ ևս բարձրաձայնված հարցերի նկատմամբ լինելու ենք հետևողական: Շնորհակալ ենք ձեզ վստահության համար, սիրելի՛ ծնողներ»,–գրել է նա: