
Լիտվական բանակը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանային անցակետերի չօգտագործվող ճանապարհներին տեղադրվել են արգելապատնեշներ՝ սահմանային անվտանգությունը բարձրացնելու համար, հաղորդում է LRT-ն։
Հայտարարության համաձայն՝ սա Բալթյան պաշտպանության գծում շարժունակությունը նվազեցնելու նախատեսված միջոցառումների մի մասն է։
«Տեղադրված արգելապատնեշները ավելի մեծ, բարդ պատկերի միայն մի մասն են։ Մենք կսկսենք մարտավարական մակարդակից՝ սահմանի վրա հատուկ արգելքներից, ապա կմիավորենք ամբողջ ինժեներական սցենարը մեկ հայեցակարգային համակարգի մեջ», - ասել է Լիտվայի զինված ուժերի հրամանատար գեներալ Ռայմունդաս Վայկշնորասը։
Պատնեշների տեղադրման համար օգտագործված «վիշապի ատամները» տեղադրվել են չօգտագործվող սահմանային անցակետերի ճանապարհներին, իսկ օգտագործվածներում՝ ճանապարհների մոտ հեշտությամբ հասանելի վայրերում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան արագ տեղակայվել։
Պատնեշների տեղադրումը չի ենթադրում ճանապարհային կառուցվածքների որևէ փոփոխություն, ուստի տեղադրված ցանկապատերը չեն փոխի ճանապարհների վիճակը, և բնակիչները որևէ անհարմարություն չեն զգա, քանի որ ֆիզիկական ցանկապատերը տեղադրվում են միայն չօգտագործվող ճանապարհներին։
Սահմանային անվտանգության ամրապնդման միջոցառումներ արդեն ձեռնարկվել են Բելառուսի հետ չօգտագործվող Շումսկաս, Լավորիշկեսի, Ռայգարդասի, Լատեժերիսի անցակետերում, ինչպես նաև Ռուսաստանի հետ չօգտագործվող Ռոմանիշկեսի անցակետում և մի շարք այլ տարածքներում։
Զինվորականների խոսքով՝ սահմանային անցակետերում չօգտագործվող ճանապարհներով տեղաշարժը սահմանափակելու աշխատանքները նախատեսված են և ապագա Բալթյան պաշտպանության գծի մաս են կազմում՝ բոլոր Բալթյան երկրների և Լեհաստանի համար երկարաժամկետ գործողությունների ծրագիր, որն ուղղված է ցամաքային ներխուժման սպառնալիքի նվազեցմանը և թշնամական պետությունների հնարավոր գործողությունների սահմանափակմանը ցամաքում։
Մոտ ապագայում Լիտվայի զինված ուժերը լրացուցիչ գնահատում կանցկացնեն այլ կարևոր սահմանային տարածքներում, որտեղ նույնպես կնախատեսվեն տեղաշարժի սահմանափակումներ։