
Մեր կապվածությունը Արցախի խնդրի հետ, Արցախի Հանրապետության անցած տարեգրության հետ, չի կարող սկսվել ու ավարտվել կոնկրետ ինչ-որ մի հանրահավաքով, բայց շատ կարևոր է, որ մենք ամեն տարի սեպտեմբերի 2–ին և ոչ միայն սեպտեմբերի 2–ին հիշատակենք դա։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Արցախի Ազգային Ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 2–ին՝ Արցախի Հանրապետության անկախության օրը, Երեւանում նախատեսված հանրահավաքին։
«Սեպտեմբերի 2–ը դաջված է մեր կենսագրության, մեր տարեգրության մեջ, բոլոր մարդկանց հոգիներում, սրտերում, և ինչքան էլ կողքից փորձեն խոսել իշխանությունները, ցավալի է, որ այդպես են խոսում, որովհետև դա նշանակում է, որ իշխանությունները չեն տիրապետում ամբողջությամբ հանրային տրամադրություններին։ Անհնար է այսօր Հայաստանի Հանրապետությունում, մայր հայրենիքում ունենալ 100 հազար և ավելի արցախցիներ, չնայած թիվը գնալով պակասում է, այդպիսի տոնայնությամբ խոսել Արցախի թեմայի մասին, ասել, որ թեման փակված է, էջը փակելի է և այլն։ Սա ոչ ոք չի որոշում, այդպես չի, որ որևէ մի ղեկավար է որոշել Արցախի խնդիրը սկսել կամ Ղարաբաղյան շարժում սկսել։ Սա համաժողովրդական շատ կարևոր զարթոնքի պահ էր և այդ համաժողովրդական շարժման երևի առաջին օրերից, իմ խորին համոզմամբ եղել է համազգային ուխտ, որ մենք այս խնդիրը պիտի տանենք մինչև վերջ։ Եթե ինչ-որ մի պահի, ինչ-որ մի փուլում մենք ստիպված ենք հետնահանջ ապրել, կամ շատ ավելի մեծ ողբերգություններով անցնել և փորձություններ կրել, սա դեռ չի նշանակում, որ այդ ուխտը քանդվել է։ Այդ ուխտը կարող է միայն վերանայվել նույն ձևով, ինչպես որ կայացվել է»,–ասաց նա։
Աշոտ Ղուլյանը ճիշտ չի համարում Արցախի հարցը փակելը կապել Վաշինգտոնյան փաստաթղթի հետ. «Ես չեմ կարող ասել, թե այս վերջին հրապարակված թղթերում ինչեր կան, բայց այն, ինչին մենք ականատես ենք եղել, դա որևէ իմաստով կապված չէ Արցախի թեման փակելու հետ։ Սա շատ կարևոր տեկտոնական փոփոխությունների արդյունք է եղել, որը մենք ունեցել ենք 30 և ավելի տարիներ առաջ, և այսօր, հաշվի առնելով աշխարհաքաղաքական որոշ շահեր, կան ուժի կենտրոններ, որոնք շահագրգռված են, որ Արցախի թեման չլինի, բայց Արցախի թեմա փակելով կամ Արցախի թեմայի վրա գիծ քաշելով, չի նշանակում, որ մենք դուրս ենք գալիս այդ նույն աշխարհաքաղաքական բարդ խնդիրներից։ Մեր հասարակության մեծ մասը չի կարող ընկալել դա, որովհետև մենք ամեն ինչ տվել ենք այս շարժմանը, այս պայքարին։ Ես խիստ կասկածում եմ, որ Ղարաբաղի թեման փակելու հարցը շատ հանգիստ է ընդունվելու բոլոր այն մարդկանց կողմից, ովքեր 88 թվականին լցրել են օպերայի հրապարակը, որոնք Հայաստանի տարբեր քաղաքներում «միացում» կարգախոսով դուրս էին եկել ի ի պաշտպանություն Արցախի իրենց հայրենակիցներին, որոնք իրենց կյանքը, իրենց զավակների կյանքն են տվել այդ նույն պայքարի համար»։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե՝ եթե դեմ եք իմ վարած կուրսին, հեղափոխություն արեք, Ղուլյանն ասաց. «Ես չեմ կարծում, որ հանրությունը հեղափոխություն չանելով հաշտություն է արտահայտում այդ գաղափարին, որովհետև հանրությունը այսօր շատ ավելի գուցե զգայուն է և շատ ավելի պատասխանատու է, քան օրվա իշխանությունները։ Հանրության մոտ շատ կարևոր արգելակման բան կարող է լինել և այդպես էլ կա, վստահ եմ, որ այսօր, այսպիսի խոցելի իրավիճակում գտնվելով, մենք չենք կարող թույլ տալ մեզ արարքներ, որոնք վտանգի տակ կդնեն Հայաստանի և հայ ժողովրդի ապագան։ Բայց վստահ եմ, որ եթե որևէ ձևով այդպիսի կոնկրետ ընտրության առաջարկ լինի, մեր ժողովրդի մի ստվար մասը անպայման քվեարկելու է կամ իր խոսքն է ասելու ի պաշտպանություն Արցախի ժողովրդի»։
Նա չբացառեց, որ Արցախի հարցը բարձրացնելը կարող է հանգեցնել պատերազմի. «Ես որևէ բան չեմ բացառում, որովհետև նույնիսկ Վաշինգտոնի հանդիպմանը Ադրբեջանը չգնաց խաղաղության հռչակագրի ստորագրման, պարզապես նախաստորագրեց նորից հերթական պայման առաջ առաջադրելով, որ եթե Հայաստանը գնա սահմանադրության փոփոխության, միայն այդ դեպքում հնարավոր է, որպեսզի այդ հռչակագիրը ստորագրվի վերջնականապես։
Հավատացեք, որ եթե նույնիսկ Արցախի թեման չլինի, Ադրբեջանը հերթական պահանջը առաջ կքաշի, այդպիսի թեմաներ շատ կան՝ սահմաններ, սպառազինությունների գնում, միջազգային ատյաններում հայցերից հրաժարում։ Դիվանագիտությունը հենց նրա համար է, որ դու կարողանաս քո շահը պահելով առաջ գնաս։ Եթե դու ամեն անգամ մի քայլ հետ ես գնում, հակառակորդը ամեն անգամ մի քայլ առաջ է գալու և իրեն ավելի վստահ է զգալու։
Հետևաբար, Արցախի թեման շատ կարևոր հանգույցային թեմա է մեր անկախության, ազատության, անվտանգության համակարգի պաշտպանության համար։ Եվ կյանքը ցույց է տվել, որ երբ որ գետնի վրա մենք Արցախի թեմայից հրաժարում ենք, մենք շատ ավելի մեծ խնդիրներ ստանում ենք բուն Հայաստանի սահմաններին և Հայաստանի ներսում։ Եթե այսպես շարունակվի, շատ ավելի խորը և շատ ավելի մեծ մասշտաբի խնդիրների մեջ ենք մենք հայտնվելու»։
Հարցին՝ ինչպե՞ս է այս փուլում տեսնում Արցախցիների վերադարձը, Աշոտ Ղուլյանն ասաց. «Մենք չենք կարող հանգիստ նստել՝ սպասելով, թե հերթական անգամ Ադրբեջանը ինչ է ասելու, կամ Հայաստանի իշխանությունների այդ հետնահանջը ինչքանով է նորից լինելու Արցախի հաշվին։ Այն, ինչ որ մենք փորձում ենք անել, ես նկատի ունեմ և՛ արցախցիներին, և՛ Հայաստանի հասարակության, քաղաքական ուժերի ջանքերը, Արցախի թեման տաք պահելու, երևի ամենանվազագույնն է, ինչ կարող ենք անել։ Ցանկացած կոնֆլիկտի կարգավորումը ենթադրում է փախստականների, բռնի տեղահանվածների վերադարձ, և չի կարող սա բացառություն լինել։
Երբ հիմա մենք խոսում ենք Արցախի ժողովրդի վերադարձի մասին, բնականաբար խոսքը չի վերաբերում նրան, որ պարզապես վեր կենալ ու գնալ Արցախ այս իրավիճակում։ Խոսքը վերաբերում է միջազգային երաշխիքների պաշտպանության տակ, հավաքական կերպով վերադարձին՝ ունենալով այնպիսի երաշխիքներ, որ դա լինելու է Արցախի ժողովրդի անվտանգ ապրելը իր պատմական հայրենիքում։
Ոչ մի բան հավերժ չի լինում, Ադրբեջանը իր նման պահվածքի պատճառով շարունակելու է իր հարաբերությունները փչացնել ոչ միայն հարևանների, տարածաշրջանային տերությունների հետ։ Այս էյֆորիան, որ ինձ ամեն ինչ կարելի է, ես ամեն ինչ լուծում եմ, որևէ լավ տեղ չի բերելու, պատմությունը այդպիսի բռնապետեր շատ է տեսել։ Խնդիրը նա է, որ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած հարմար պահի այդ մեծ նպատակը իրագործելու։ Ցավն այն է, որ մենք այդ նպատակը այսօր չենք կարողանում փայփայել։ ՀՀ իշխանություններին պարզապես մի բան է մնում՝ չխանգարել դրան»։