
«Դատավորն իր հոգու խորքում հասկացավ, որ Արամ Նավասարդյանն անմեղ է, դրա համար հնարավորինս թեթև պատիժ տվեց՝ 1.5 տարի»։ Այս մասին վարչապետին ուղեկցող շարասյան առաջին մեքենայի հարվածից մահացած Սոնա Մնացականյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը՝ խոսելով դատարանի կայացրած վճռի մասին։
Փաստաբանը շարունակում է պնդել՝ Սոնա Մնացականյանի վրաերթի մեջ Արամ Նավասարդյանը մեղավորություն չունի։
Ռուբեն Բալոյանը նշեց, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։ Նախքան դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը Արամ Նավասարդյանը կմնա ազատության մեջ, քանի որ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց բացակայելու արգելքը մնացել է անփոփոխ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեք տարվա քննությունից հետո, դատարանը մեղավոր ճանաչեց վարչապետի շարասյանն ուղեկցող մեքենայի վարորդ Արամ Նավասարդյանին՝ ճանապարհային կանոնների խախտմամբ մահվան ելքով վրաերթի և դեպքի վայրը լքելու համար: Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1.6 տարի ազատազրկման։