
Ադրբեջանա-իսրայելական հարաբերություններն այսօր ռազմավարական բնույթ են կրում, հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի նորանշանակ դեսպան Ռոնեն Կրաուսը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
Դիվանագետը շեշտել է, որ երկու երկրների ղեկավարների և ժողովուրդների միջև գոյություն ունեն իսկական բարեկամական կապեր։
Դեսպանը նաև երախտագիտություն է հայտնել Ադրբեջանում հրեական համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատարության և ուշադրության համար՝ ընդգծելով, որ ինքն անձամբ բազմիցս այցելել է Գուբայի «Կրասնայա Սլոբոդա» և ծանոթացել այնտեղ հրեական համայնքի համար ստեղծված պայմաններին։
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարի 12-ին Իսրայելի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի դեպարտամենտի տնօրեն Ռոնեն Կրաուսը նշանակվել է Ադրբեջանում նոր դեսպան։ Ադրբեջանում դեսպանի պաշտոնում Կրաուսը փոխարինել է Ջորջ Դիքին։