
Ուկրաինայի գերագույն Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ, դրա մասին նա գրել է X-ի իր էջում։
«Խորապես շնորհակալ եմ մեր քննարկման ընթացքում գործընկերոջս արտահայտած համերաշխության և աջակցության խոսքերի համար։ Մենք մտքեր փոխանակեցինք միջազգային կարևոր իրադարձությունների, մասնավորապես՝ Վաշինգտոնում Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև համատեղ հռչակագրի ստորագրման վերաբերյալ։ Դա նշանակալի քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ։ Ուկրաինան աջակցում է ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի, ինչպես նաև պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա հիմնված նախաձեռնություններին։
Ես ընդգծեցի, որ Ուկրաինայի առնչությամբ առանց նրա մասնակցությամբ ընդունված ցանկացած որոշում խաղաղության դեմ որոշումներ են։ Անընդունելի է քննարկել եվրոպական պետության ապագան առանց Եվրոպայի և բուն Ուկրաինայի մասնակցության։ Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. Ռուսաստանը պետք է դադարեցնի սպանությունները և համաձայնի հրադադարին։
Ես միաժամանակ արտահայտեցի Ուկրաինայի համերաշխությունը Ադրբեջանի հետ՝ Ռուսաստանում ադրբեջանցիների նկատմամբ բռնաճնշումների և Ուկրաինայում SOCAR-ի օբյեկտների վրա հարձակումների առնչությամբ։ Այդ գործողությունները ագրեսիայի ավելի լայն շղթայի մի մասն են, որը մենք խստորեն դատապարտում ենք։
Ես Գաֆարովային հրավիրեցի պաշտոնական այց կատարել Ուկրաինա և մասնակցել Ստոկհոլմում նոյեմբերի 23-24-ն անցկացվելիք Ղրիմի պլատֆորմի չորրորդ խորհրդարանական գագաթնաժողովին։ Շնորհակալ եմ նաև Բաքու այցելելու հրավերի համար՝ մեր մայրաքաղաքների միջև միջխորհրդարանական երկխոսությունը խորացնելու նպատակով։
Ուկրաինան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել քաղաքական երկխոսությունը և համագործակցությունը միջխորհրդարանական մակարդակով»,- գրել է Գերագույն Ռադայի նախագահը։