
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատավոր Արմինե Մելիքսեթյանին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։
«Դուք գիտակցում եք, որ իրավունք չունենք քննելու այս գործը, սայն ինչ–ինչ հանգամանքներից ելնելով՝ գուցե անկախության բացակայության, վախի կամ այլ պատճառով ամեն ինչ անում ենք, որպեսզի անձամբ դուք քննեք այս քրեական գործը, և ինչպես ցույց են տալիս օրենքից չբխող ձեր գործողությունները, նպատակ ունեք արագ քննել և այս շինծու մեղադրանով մեղավոր ճանաչել Միքայել արքեպիսկոպոս Աջապայանին»,–բացարկի միջնորդություն ներկայացնելու ժամանակ ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ համոզմունք հայտնելով, որ Մելիքսեթյանն ի զորու չէ այս գործով արդար քննություն իրականացնել։
Նշենք, որ դատավոր Արմինե Մելիքսեթյանը նախորդ դատական նիստի ժամանակ՝ օգոստոսի 15–ին հայտարարեց, որ հաջորդ դատական նիստերը տեղի կունենան օգոստոսի 18-ին, 19-ին, 20-ին և 21-ին։
Դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց պաշտպանների կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը:
Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան նստավայրում ընթանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական երկրորդ նիստը։
Հիշեցնենք, որ առաջին դատական նիստի ընթացքում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանը և Արա Զոհրաբյանը կալանքը վերացնելու մասին միջնորդություն ներկայացրեցին, սակայն դատավոր Արմինե Մելիքսեթյանը մերժեց միջնորդությունը։ Դատարանը 10 օրով երկարաձգեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը։
Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև՝ իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին՝ ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։