
Օգոստոսի 18-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Օդեսայի մարզի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտում։ Այդ մասին հայտնել են Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ)։
Զոհեր և տուժածներ չկան։ Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդագրության մեջ չի նշվում, թե կոնկրետ որ օբյեկտին է հարված հասցվել։
Ադրբեջանական Minval պարբերականը շուտով հայտնել է, որ ռուսական անօդաչու սարքերը հարվածել են Օդեսայի մարզում ադրբեջանական պետական SOCAR ընկերության նավթաբազային։
«Դա ուղիղ հարվածների շարք էր, որից հետո հրդեհ բռնկվեց։ Վնասվել են բոլոր բաքերը, պոմպակայանի շենքը, կառավարման և կշռման սենյակները, տեխնիկական սենյակները, իսկ ցանկապատը ոչնչացվել է», - ասվում է պարբերականի հաղորդագրության մեջ։