
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Սամվել Կարապետյանի 60-ամյա հոբելյանը։ Այս մասին Yerevan.Today-ին հաղորդեցին նախագահ Քոչարյանի գրասենյակից։
Անազատության մեջ գտնվող գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան 60-ամյակը լրանում է այսօր՝ օգոստոսի 18-ին։
Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկու ամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, պաշտպանական խումբը պնդում է, որ նրան առաջադրված մեղադրանքը անհիմն է:
Կարապետյանը, հիշեցնենք, կալանավորվել է Հայ առաքելական եկեղեցուն սատարող հայտարարություն անելու համար: Նա անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, News.am-ին տված հարցազրույցում ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»: