
Սլովակիայի կառավարությունը չի կարող արգելել իր մասնավոր զենք արտադրող ընկերություններին արտադրանք մատակարարել Ուկրաինա։ Այդ մասին Politico եվրոպական պարբերականին տված մեկնաբանության մեջ հայտարարել է երկրի պաշտպանության գերատեսչության պետքարտուղար Իգոր Մելիխերը։
«Մենք միացել ենք Եվրամիությանը ընդհանուր արժեքների պատճառով։ Մենք նաև հարգում ենք ազատ շուկան։ Հետևաբար, մեր կողմից կեղծավորություն կլիներ սահմանափակել պաշտպանական արդյունաբերության ընկերությունների գործունեությունը»,- ասել է նա։ Սակայն Մելիխերն ընդգծել է, որ «Սլովակիայում արտադրվող ռազմական տեխնիկայի մեծ մասը վաճառվում է ոչ թե Ուկրաինային, այլ արևմտյան գործընկերներին, ովքեր այնուհետև որոշում են, թե ինչ անել այդ տեխնիկայի հետ»։
Միաժամանակ, պաշտպանության գերատեսչության պետքարտուղարը հավաստիացրել է, որ «Սլովակիայի կառավարությունը խոստացել է իր քաղաքացիներին, որ պետական պահեստներից ոչ մի փամփուշտ չի ուղարկի Ուկրաինա» և մինչ այժմ «կատարում է այդ խոստումը»։ Նա նշել է, որ Ուկրաինային Սլովակիայի կողմից տրամադրվող օգնությունը ներառում է ոչ մահաբեր զենքեր և էներգետիկ ենթակառուցվածքի բաղադրիչներ, որոնք «անհրաժեշտ են Ուկրաինայի՝ որպես պետության գործունեության համար»։
2024 թվականի հոկտեմբերին Սլովակիան հրաժարվել է պետական պահուստներից Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց։ Մատակարարումներն իրականացնում են հանրապետության ձեռնարկությունները՝ առևտրային հիմունքներով։ Սլովակիայի ընկերությունները արտադրում են 155 մմ-անոց զինամթերք, ինքնագնաց Zuzana 2 հաուբիցներ, ինչպես նաև էլեկտրոնային պատերազմի և կապի սարքավորումներ։