Ուկրաինայում պատերազմի ելքի հարցը մնում է համաշխարհային քաղաքականության առանցքային հարցերից մեկը։ The Wall Street Journal պարբերականը դիտարկում է երկու հիմնական սցենար, որոնք քննարկվում են փորձագետների և արևմտյան պաշտոնյաների շրջանում։
Առաջին սցենար՝ տարածքների մասնակի կորուստ, բայց պետության պահպանում։
Այս տարբերակի դեպքում Ուկրաինան պահպանում է իր անկախությունը, սակայն կորցնում է վերահսկողությունն իր տարածքի մոտ 20%-ի նկատմամբ։
Այս հողերը փաստացի ամրագրվում են Ռուսաստանին, նույնիսկ եթե իրերի նման դրության պաշտոնական ճանաչումը միջազգային մակարդակով մնա հարցականի տակ։ Դրա դիմաց Կիևը ստանում է անվտանգության երաշխիքներ և Արևմուտքի աջակցությունը, ինչը թույլ է տալիս երկրին շարունակել գոյատևել որպես անկախ պետություն, թեկուզ և թուլացած։
Երկրորդ սցենար՝ Ուկրաինայի վերածումը Ռուսաստանի պրոտեկտորատի։
Այստեղ Կիևի համար ռիսկերը շատ ավելի լուրջ են։ Ուկրաինան կարող է կորցնել իր տարածքի զգալիորեն ավելի մեծ մասը, իսկ մնացած հողերը փաստացի կհայտնվեն Մոսկվայի խիստ վերահսկողության տակ։
Այդ դեպքում խոսքն արդեն ոչ թե մասնակի կարգավորման, այլ երկրի կարգավիճակի լիակատար վերանայման մասին է. այն դառնում է կախյալ կազմավորում՝ զրկված ինքնուրույն քաղաքականությունից։
Նյութի հեղինակն ընդգծում է, որ երկու սցենարներն էլ Ուկրաինայի համար չափազանց անբարենպաստ հեռանկարներ են ներկայացնում։
Առաջին տարբերակը գոնե թույլ է տալիս պահպանել անկախությունը, թեկուզ և տարածքային կորուստների գնով։ Իսկ երկրորդը փաստացի նշանակում է ուկրաինական պետականության վերջը՝ իր ներկայիս տեսքով։