
Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ալեքսեյ Չեպան հույս ունի, որ Ադրբեջանը երբեք զենք չի մատակարարի Ուկրաինային։ Лента.ру-ի հետ զրույցում նա չի բացառել, որ այդ թեման կարող է լինել Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելու միջոց։
«Ես նույնիսկ չէի ցանկանա քննարկել այդ թեման, քանի որ իսկապես հուսով եմ, որ Ադրբեջանը նման կերպ չի վարվի»,- ընդգծել է Չեպան։ Նա խոստովանել է, որ Կիևին ադրբեջանական զենքի մատակարարումների մասին խոսակցությունները կարող են լինել միայն Մոսկվայի վրա ճնշում գործադրելու միջոց։
«Ակնհայտ է, որ կա որոշակի դիմադրություն, և կան ուժեր, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիան, որոնք այսօր ամեն ինչ անում են Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները վատթարացնելու համար»,- պարզաբանել է պատգամավորը՝ մանրամասնելով, որ Ռուսաստանի վրա ճնշում է գործադրվում ինչպես դրսից, այնպես էլ երկրի ներսից։ Նրա կարծիքով, Ռուսաստանում ևս կան ուժեր, որոնք կցանկանային ոչնչացնել Ադրբեջանի հետ հարաբերությունները։