«Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթը պատրաստ է ԱԺ ուղարկելու: Այս մասին կառավարության այսօրվա՝ օգոստոսի 14-ի նիստում հայտարարեց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Կիբեռանվտանգության մասին» օրենքով մենք սահմանում ենք կենսական նշանակություն ունեցող ոլորտները և կրիտիկական ենթակառուցվածքները թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում: Սահմանվում են չափանիշներ՝ ռիսկերի և ազդեցության գնահատմամբ, սահմանվում են ԻՍՕ 27,001 ստանդարտը և այլ ստանդարտներ, որոնցով պետք է ապահովվեն թե՛ հանրային հատվածի, թե՛ պետական ապարատի, թե՛ մասնավոր հատվածի քաղաքացիական ենթակառուցվածքներ շահագործող ընկերությունների համար: Իհարկե, սա չի բացառում, որ մենք ապագայում հրաժարվելու ենք մեր ազգային ստանդարտները մշակելու և ներդնելու գաղափարից, պարզապես պետք է հոգ տանենք, որ այդ ազգային ստանդարտները լինեն մրցունակ միջազգային ստամդարտների համեմատությամբ, ինչպես նաև համահունչ լինեն մեր ներքին խնդիրներին»,- ասաց նա:
Հայրապետյանը նշեց, որ Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմինն ունենալու է հանձնաժողով, որի անդամներն ընտրվելու են ԱԺ-ի կողմից:
«Կիբեռմիջադեպերի բացահայտմամբ է զբաղվելու այս մարմինը, փորձելու են կանխարգելել կիբեռմիջադեպերը, իսկ արդեն կիբեռմիջադեպերի առկայության պարագայում, հնարավորինս արագ համագործակցելով պետական գերատեսչությունների, իսկ մասնավոր հատվածի պարագայում՝ մասնավոր ընկերությունների ներքին համակարգերն աշխատեցնող, կիբեռանվտանգային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, նվազեցնելու է կիբեռմիջադեպերի կողմից հասցված վնասները: Այսինքն՝ հիմնական առաքելությունը պետական ապարատի համար այն է, որ այս մարմինը լինելու է անվտանգային գործառնությունների կենտրոն»,- ասաց նա:
Մխիթար Հայրապետյանը նշեց, որ իրականացվելու են նաև կանխարգելիչ միջոցառումներ՝ տարեկան կիբեռզորավարժություններ: Գործունեությունը լինելու է թափանցիկ, հանձնաժողովը Հայաստանում կիբեռհիգիենայի վերաբերյալ տարեկան զեկույցներով է հանդես գալու ԱԺ-ում: