
Ռուսաստանը ոսկու արդյունահանմամբ աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում և ունի 2330 տոննա պաշար, որը կազմում է միջազգային պահուստների 36%-ը և գնահատվում 248,7 միլիարդ դոլար։ Ընդ որում, ոսկին ոչ միայն ոսկերչական զարդեր է, այն կրիտիկական կարևորություն ունի նաև բարձր տեխնոլոգիական ճյուղերի համար՝ սկսած միկրոէլեկտրոնիկայից մինչև տիեզերք։ Սակայն հիմնական հանքավայրերն սպառված են, իսկ ուսումնասիրական ծախսերի մինչև 80%-ը իզուր է վատնվում։
Պերմի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները մշակել են 90% ճշգրտությամբ մեթոդ՝ հեռանկարային տարածքները բացահայտելու համար: Ծրագիրը վերլուծում է ոչ միայն ոսկու պարունակությունը, այլև արդյունահանման տնտեսական նպատակահարմարությունը և նվազեցնում է հետախուզման ծախսերը, հաղորդում է Naked Science-ը:
«Մենք օգտագործել ենք արհեստական բանականության մեթոդներ, աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաներ, տարածական տվյալների մոդելավորում և երկրաբանահետախուզական տվյալներ։ Հիմք են ընդունվել բաց տեղեկատվությունը և հանքավայրերի երկրաբանական բնութագրերի մասին զեկույցները։ Մեր ծրագիրը վերլուծում է ապարների կազմությունը, տեկտոնական բեկվածքները, մագնիսական նկարահանման տվյալները և այլ պարամետրեր, ինչպես նաև նեյրոցանցերի օգնությամբ գնահատում է արդյունահանման գոտիների տնտեսական շահութաբերությունը։ Ի տարբերություն ավանդական մեթոդների, որոնք պարզապես որոշում են հանքաքարի առկայությունը, այս ալգորիթմը հաշվարկում է օգտակար բաղադրիչի պարունակությունը և պոտենցիալ շահույթը՝ ընտրելով միայն շահագործման համար հեռանկարային հատվածները։ Սա թույլ է տալիս խուսափել ոչ շահութաբեր հանքավայրերի վրա կատարվող ծախսերից»,- մեկնաբանում է Ռուստամ Ֆայզրախմանովը, Պերմի ազգային հետազոտական պոլիտեխնիկական համալսարանի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմատացված համակարգեր» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, տնտեսագիտության դոկտոր։