
Ռուսաստանի Լենինգրադի մարզի Վիբորգ քաղաքի բոլոր անկյուններից տեսանելի է հարյուրամյակների պատմություն ունեցող ժամացույցի աշտարակը։ Քարե հիմքով, սպիտակ ու վարդագույն աղյուսից պատրաստված այս աշտարակը կառուցումից մեկ դար անց է ստացել «Ժամացույցի աշտարակ» անվանումը։ Վերջին անգամ ժամացույցի մեխանիզմը փոխվել է 1848 թվականին. շուրջ երկու դարի ընթացքում ժամացույցը կանգ է առել մի քանի անգամ. 2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին, 1990–ականներին և 2014 թվականին, երբ աշտարակը չուներ հսկիչ։ 2017 թվականին 11–րդ դասարանցի Իվան Պերշինը, որը հետաքրված էր ժամացույցներով, ընկերոջ հետ բարձրացել է աշտարակն ու գործի գցել մեխանիզմը։ Այդ օրվանից ի վեր նա աշտարակի հսկիչն է, ժամացույցի մեխանիզմին հետևողն ու զբոսաշրջիկներին աշտարակի պատմությունը ներկայացնող գիդը։
«Ընկերներիս հետ բարձրացանք աշտարակ, ժամացույցը չէր աշխատում, բայց մեխանիզմը սարքին էր, մի քանի շտկումներ արեցի, ժամացույցն սկսեց աշխատել։ Հետո իմ մասին իմացավ թանգարանի ղեկավարությունն, ու ինձ աշխատանքի ընդունեցին»,– «Մշակութային երկխոսություն» 19-րդ մեդիաֆորումի շրջանակում Վիբորգում կազմակերպված մեդիատուրի ժամանակ NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում պատմեց 26–ամյա Իվան Պերշինը՝ նշելով, որ թեև աշխատանքը բարդ չէ, սակայն պատասխանատվությունը մեծ է. նա միակն է քաղաքում, ով կարողանում է գործի գցել ժամացույցի մեխանիզմը, հետևաբար քաղաքից բացակայել չի կարող։
«Ցանկացած պահի ժամացույցի մեխանիզը կարող է խափանվել, այդ դեպքում ինձ զանգում են, ասում են, որ ժամացույցը կանգ է առել, ու ես վազում եմ աշտարակ։ Հաճախ դրանք պարզագույն խնդիրներ են լինում. օրինակ՝ քամու պատճառով կարող է կանգնել ժամացույցի սլաքը, կամ զբոսաշրջիկները աշտարակում էքսկուրսիայի ժամանակ պայուսակներով կարող են դիպչել մեխանիզմին և վնասել այն։ Ամեն դեպքում, կարևոր է մշտապես պատրաստ լինել գալ, խափանումը շտկել»,–ասաց նա։
Նրա խոսքով, ձմռանը լինում են դեպքեր, երբ ժամացույցը ստիպված են լինում կանգնեցնել, քանի որ հաճախ ժամացույցի սլաքները սառցակալում են։
«Յուրաքանչյուր մարդու ինչ–որ բան է դուր գալիս. մեկը բժշկություն է սիրում, մյուսը՝ տրամվայ վարել, ես էլ սիրում եմ ժամացույցների հետ աշխատել։ Կարևոր է, որ մարդը հետաքրքրված լինի իր աշխատանքով։ Էքսկուրսավարի աշխատանքն ավելի բարդ է, տարբեր մարդիկ են գալիս, պետք է բոլորի հետ շփման ճիշտ եզրեր գտնել, մոտեցում։ Իսկ ժամացույցի հետ աշխատանքում բարդ բան չկա, գալիս ես, մաքրում այն, ստուգում մեխանիզմն ու վերջ»։
Վիբորգում Իվանին բոլորն էլ ճանաչում ու գիտեն՝ քաղաքի պատմության մասին վկայող ժամացույցի աշտարակն ապահով ձեռքերում է։
Հեղինակ՝ Մերի Հակոբյան
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի