
Այսօր, օգոստոսի 9-ին, կրակոցներ են հնչել և դանակահարություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ 1 անձ հրազենային վնասվածքով եւ 1 անձ էլ դանակահարված տեղափոխվել են իրենց մոտ Վանաձորի բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները քրեական ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ Վանաձոր բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական ոստիկանները և Լոռու մարզի պարեկները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցից։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արյան նման հետքեր, կրակված պարկուճներ։
Հրազենային վնասվածք ստացածը Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Մովսես Կ.-ն է, իսկ դանակահարվածը՝ Լոռու մարզի բնակիչ, 58-ամյա, ծնված Կարեն Հ.-ն։ Մինչ դեպքի վայրում աշխատում էին ոստիկանները և պարեկները, ևս մեկ հոգի՝ ոտքի մասում հրազենային վնասվածքով, տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։ Կան կասկածներ, որ նա նույնպես նշված դեպքի վայրում է հրազենային վնասվածք ստացել։