News
Լրահոս
News
Երեքշաբթի
Օգոստոս 12
Տեսնել լրահոսը

Հայկական զարդերի վերականգնմամբ ու տարածմամբ զբաղվող «Նարեկածին» ընկերությունը ֆեյսբուքում բարձրացած աղմուկից հետո լրացրել է ընկերության էջում տեղադրված գրառումն այն մասին, որ Ջենիֆեր Լոպեսն իր հետ տարել է իրենց ընտանեկան հին հայկական կուժը, որը սենյակում դրված է եղել՝ երգչուհուն մատուցված նվերի ցուցադրության համար։

Գրառումը օգտատերերի կողմից ընկալվել էր որպես բողոք տեղի ունեցածի առնչությամբ եւ մեծ աղմուկ էր բարձրացել։ Ընկերությունը դրանում նշել էր, որ նախքան հյուրերի ժամանումը, Seven Visions  հյուրանոցի սենյակում դրվել են Թուֆենկյան ընկերության կողմից նվիրված գորգը եւ զարդի ճիշտ ու գեղագիտական ներկայացման համար ընտրված 19-րդ  դարի Վանի կուժը: «Իհարկե երգչուհին շատ սիրեց ու գնահատեց նվերները, եւ հետո` նրա մեկնումից ժամեր անց, պարզ դարձավ նաեւ, որ իր հետ տարել է ոչ միայն զարդերն ու գորգը, այլ նաեւ Վանա ԿՈՒԺԸ…»,– ասվում էր գրառման մեջ։

Մինչ այս գրառումը աղմուկ էր բարձրացել եւ օգտատերերը քննադատում էին կազմակերպիչների աշխատանքը, բրենդի համահիմնադիր Էլեն Արզումանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ֆեյսբուքյան էջում արված գրառումը հումորային է եղել և բացասական մեկնաբանություններն անտեղի են։

Ընկերությունն ավելի ուշ լրացրել էր այն՝ փորձելով փոխել տպավորությունը, թե իրենք անհանգստացած են տեղի ունեցածով։ Լրացման մեջ նշվում է. «Իհարկե, սկզբնական զարմանքը մեծ էր, բայց ուրախ ենք, որ երգչուհին գնահատել է իր հայկական անկյունը եւ իրավացիորեն այն ամբողջական նվեր ընկալելով` տարել իր հետ (սա հատուկ ենք նշում (ուղղում նախորդ գրառումը), որ պարզ դառնա մեր վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ)»։ 

Այնուամենայնիվ, ինչպես է ստացվել, որ Վանի 19-րդ դարի կուժը համաշխարհային աստղը տարել է իր հետ։ Բրենդի համահիմնադիրը, որի ընտանիքին է պատկանում կուժը. NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել։ 

«Ի սկզբանե զարդեր էին նախապատրաստվել Ջենիֆեր Լոպեսի համար որպես նվեր, որպեսզի հայկական մշակույթը նա տեսնի, տա Աստված՝ նաև կրի ու ունենա հայկական մշակույթից մի պատառիկ։ Որպեսզի դա շատ գեղեցիկ ներկայացվի, դրվել էր իր սենյակում  «Թուֆենկյան» ընկերության կողմից նվիրված գորգի վրա։ Նույն գորգի վրա նաև դրվել էր մեր ընտանեկան կուժը և այդ կուժի վրա զարդերը, այդպես շատ գեղեցիկ է ստացվում։ Բնականաբար, ենթադրում եմ, որ, մարդը, տեսնելով այդ ամբողջ անկյունը ներկայացված, դա ընկալել է որպես ամբողջական նվեր և իր հետ տարել է նաև կուժը։ Եթե նայենք նկարները, տեսանյութը, կտեսնենք, ինձ թվում է՝ մեզնից յուրաքանչյուրը դա կդիտարկեր որպես մեկ ամբողջական նվեր։ Մենք ընտանիքով էլ քննարկեցինք և եկանք այն եզրահանգման, որ եթե սա տեղի է ունեցել, ուրեմն այդ կուժի ճակատագիրն էդպիսին էր։ Թող բարով վայելի»,– ասաց Բրենդի համահիմնադիրը։

Նրա խոսքով՝ իրենք որևէ միտում չունեն աղմուկ բարձրացնելու, կուժը հետ պահանջելու։

«Համագործակցումը եղել է Դվին հյուրանոցի հետ։ Որևէ խնդիր հյուրանոցի հետ չունենք, շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք»,– եզրափակեց Արզումանյանը։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը Երեւան էր ժամանել օգոստոսի 2-ին. նրա մենահամերգը, որը կազմակերպվել էր Doping Space ընկերության կողմից, կայացավ օգոստոսի 3-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ