
ՀՀ գործադիր մարմինն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի N 1365-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշումը։
Որոշմամբ նախատեսվում է հավելված 1-ի 5-րդ կետում «Սնուպ Դոգ-ի (Snoop Dogg)» բառերը փոխարինել «Ջենիֆեր Լոպեսի (JLo)» բառերով, այլ կերպ ասած Սնուպ Դոգի համար նախատեսված 6 մլն դոլարը հատկացվում է Ջենիֆեր Լոպեսին։
Որոշման հիմնավորման մեջ ասվում է.
«Ներկա իրավիճակում խնդիրները պայմանավորված են 2023 թվականի սեպտեմբեր ամսին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված մեր հայրենակիցների բարոյահոգեբանական վիճակով, ինչը խոչընդոտ է հանդիսացել միջոցառման իրականացման համար: ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից Ծրագիրն իրականացնող «Դոպինգ Սփեյս» կազմակերպության հետ հետևողական քննարկումների արդյունքում, վերջինս ներկայացրել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման նոր ժամկետները և նոր Աստղի անունը:
Նախագիծը կիրականացվի 2025 թվականին Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ համերգով հանդես կգա Ջենիֆեր Լոպեսը:
Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարությունը 2023 թվականին «Դոպինգ Սփեյս» կազմակերպությանը հատկացրել է 2,318,596,8 հազ. դրամ (ներառյալ ԱԱՀ):
2025 թվականին իրականացվող միջոցառման համար «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։
Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի ճիշտ, առանց խոչընդոտների և համապատասխան ժամկետներում կազմակերպել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման ընթացակարգերը ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան գործընկերների հետ:
Համաշխարհային աստղի փոփոխությամբ պայմանավորված, խմբագրման անհրաժեշտություն է առաջացել նաև Հավելված 1-ի 5-րդ կետում (Snoop Dogg բառերը փոխարինվել են Ջենիֆեր Լոպես բառերով):
Որոշմամբ կատարող կազմակերպությանը հնարավորություն է տրվում գնման գործընթացն իրականացնել մեկ անձից՝ կիրառելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքերը, ինչը պայմանավորված է միջոցառման կազմակերպման ժամկետների սղության, Համաշխարհային աստղի ներկայացուցիչների հետ բանակցությունների ընթացքում պարբերաբար փոփոխվող պայմանագրի դրույթների և ներկայացվող պահանջների պատճառով կայանալիք համերգի կազմակերպման աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման գնումների ստանդարտ ձևաչափը կիրառելիության անհնարինությունը ապահովելու, ինչպես նաև վերոնշյալ, իր բնույթով եզակի, միջոցառման կազմակերպման բացառիկ իրավունքը Կազմակերպության կողմից ունենալու հանգամանքով: Այդ իսկ պատճառով առաջարկվում է կիրառել մեկ անձից գնման սկզբունքը, ինչպես նաև բանկային երաշխիք չներկայացնելու մոտեցումը:
«Դոպինգ Սփեյս» կազմակերպության և Համաշխարհային աստղի միջև կնքված պայմանագիրը առկա է...
Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության» 4-րդ գլխավոր նպատակի 4.2 կետից և 4-րդ գերակայությունից, այն է՝ Հայաստանի դիրքավորումը որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքների կրող և ստեղծող երկիր, որն իր հերթին կնպաստի մշակութային զբոսաշրջության զարգացմանն ու ընդլայնմանը»։
Հիշեցնենք, որ Երևանում Լոպեսի համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։