News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 01
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի հայերի միությունը, հայկական մի շարք ազգային-մշակութային միավորումներ, հոգևորականներ, այլ ոլորտների ներկայացուցիչներ իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

Տարածված հայտարարության մեջ նշվում է. «Մենք՝ Ռուսաստանի հայերի միության խորհրդի ընդլայնված նիստի մասնակիցներս՝ ՌԴ բոլոր տարածաշրջանները ներկայացնող աշխարհի ամենամեծ հայկական կազմակերպության տարածաշրջանային և տեղական բաժանմունքների ղեկավարները (Մոսկվա, Մոսկվայի մարզ, Կրասնոդարի երկրամաս, Կեմերովո, Ստավրոպոլ, Ուլյանովսկ, Օմսկ, Նովոսիբիրսկի մարզ, Տուլա, Յարոսլավլ, Կամչատկա, Նիժնի Նովգորոդ, Բրյանսկ, Տամբով, Իվանովո, Վորոնեժ, Սարատով, Թաթարստան, Բաշկրտոստան և այլն), հայկական մի շարք ազգային-մշակութային միավորումների ղեկավարները (Հայ դատ, Ջավախքյան սփյուռք, «Արարատ», Ռուսաստանում բնակվող Հայաստանի քաղաքացիների ասոցիացիա և այլն), հոգևորականության ներկայացուցիչները, հայկական գիտակրթական, մշակութային, զինվորական, դիվանագիտական, երիտասարդական, մարզական կազմակերպությունների ներկայացուցիչները, քննարկելով Հայաստանում տիրող իրավիճակը, ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականության հետևանքով նրա գոյությանը սպառնացող վտանգները, որոնք բերում են

  • Երկրի ինքնիշխանության կորստի և ազգային արժեքների անշրջելի վնասների՝ հրաժարվելով «Հայաստան-Արցախ- Սփյուռ» եռամիասնությունից
  • Հայ-ռուսական հարաբերությունների նպատակադրված վատթարացմանը, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում, երբ բացակայում են Հայաստանի անվտանգությունն ապահովող այլ գործուն մեխանիզմներ, որով ճանապարհ է հարթվում Բաքվի կողմից հետագա ագրեսիայի համար
  • Տարածքային կորուստների և անվտանգության համակարգի դեգրադացիայի, որն ապագայում ավելի կբարդացնի անվտանգության ամրապնդումը,
  • Դարերի ընթացքում Հայաստանի և հայերի նկատմամբ՝ անկախ նրանց ապրելու երկրներից, ստեղծված դրական համբավի ոչնչացմանը՝ հասարակության մեջ բաժանարար գծեր դնելով, ինչպես նաև հոգևոր և աշխարհիկ ավանդական ինստիտուտների արժեզրկմանը:

Աջակցություն ենք հայտնում Հայաստանում սկսված, կառավարության կողմից տարվող ստորացուցիչ համաձայնվողական քաղաքականությունը սրբելու գործընթացին: Կոչ ենք անում հայկական բոլոր  հասարակական-քաղաքական ինստիտուտներին, Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝ միավորել բոլոր հնարավորություններն ու ջանքերը՝ օժանդակելու Բագրատ արքեպիսկոպոսին՝ որպես առաջնորդի, ով ստանձնել է «Տավուշը հանուն հայրենիքի» համաժողովրդական շարժման պատասխանատու առաքելությունը:

Խորհրդանշական է, որ հնագույն քրստոնեա ժողովրդի հաղորդությունը կատարվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղցու շուրջ համախմբմամբ, որը բոլոր ժամանակներում կանգնած է եղել մեր ինքնության պահպանման և հայ ազգային ազատագրական պայքարի առաջնագծում:

Փաշինյանի կառավարման տարիներին եղել են բոլոր պայմանները՝ ամրապնդել երկրի պաշտպանունակությունը, օգտագործել ընձեռնված տնտեսական հնարավորությունները, ակտիվ աշխատել միջազգային կառույցներում, այլ ոչ թե փչացնել հարաբերությունները Հայաստանի բարեկամների և դաշնակիցների, Սփյուռքի հետ՝ նոր բարեկամների կամ դաշնակիցների հետ որևէ պայմանագրերի և համաձայնագրերի բացակայության պայմաններում: Բայց նրա իշխանությունը, «խաղաղության օրակարգի» քողածածկույթի տակ, տարել է բոլորովին այլ քաղաքականություն: Եվ այսօր այն մատնված է անգործության, երբ խոսքը վերաբերվում է ազգային շահերին, սահմանների և ադրբեջանական զորքի կողմից ավելի քան երեսուն օկուպացված բնակավայրերի պաշտպանությանը: Ընդ որում՝ նախանձելի ակտիվությամբ պայքարում է սեփական ժողովրդի դեմ:

Փաշինյանի կառավարությունը չի մտածում իր ժողովրդի մասին, երբ ցուցադրաբար հակառուսական գիծ է վարում, թեև լավ հասկանում է, թե Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունն ինչպես է պայմանավորված Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերություններով՝ էներգակիրներ, հացահատիկ, մասնավոր տրանսֆերտներ և այլ:

Օգտվելով նրանից, որ հայերն աշխարհի ամենախաղաղասեր ժողովուրդներից մեկն են՝ Հայաստանի իշխանությունները մարդկանց գիտակցության մեջ մանիպուլատիվ միջոցներով ներակում են «կեղծ» օրակարգ, անտեսելով այն փաստը, որ նույն Ադրբեջանն այլ քաղաքականություն է առաջ տանում: Արցախում, հրապարակային ցինիզմով էթնիկ զտում իրականացնելով և մինչ օրս գերության մեջ պահելով մեր հայրենակիցներին, այդ թվում՝ ԼՂՀ նախկին բարձրագույն ղեկավարությանը, Ալիևն այսօր բուն Հայաստանի բնակիչներին է սպառնում տեղահանել իրենց տարածքներից և տներից, պարծենում է, թե Փաշինյանի հետ երկխոսության ընթացքում խոսքի իրավունքը Բաքվինն է, որին՝ «առաջին իսկ պահանջի դեպքում՝ չորս գյուղ է վերադարձվում» և հայտարարում է, թե «այդպես է լինելու նաև հետագայում»:

Փաշինյանը, ի պատասխան, միայն լռում է, իսկ սեփական ժողովրդին սպառնում է պատերազմի հեռանկարով: Նա, պարտվելով պատերազմում և կապիտուլացիա ստորագրելով, անկարող լինելով կասեցնել կամ պատասխանել Ալիևի ագրեսիվ հռետորաբանությանը, իր համաձայնվողականությամբ, բանակցությունների ժամանակ հայ ժողովրդի շահերն արժանավայել ներկայացնելու տկարությամբ մեզ տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ մետեցնում է նոր պատերազմի և նոր զիջումների:

Հարավային Կովկասում, որտեղ խաղաղության են ձգտում տեղի բոլոր ժաղովուրդները, խաղաղության մասին կարելի կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ Երևանում իշխանության գան նոր, առողջ ուժեր և առաջնորդներ: Եվ որքան շուտ Փաշինյանը հրաժարական տա, այնքան մեր պետությունն ու ժողովրդը քիչ կորուստներով կհաղթահարեն այս իրավիճակը, այնքան իրատեսական կլինի երկրում և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման հեռանկարը:

Մենք դիմում ենք Հայաստանի իշխանություններին և ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ ձեռնպահ մնալ անհնազանդության խաղաղ գործողությունների մասնակիցների, այդ թվում՝ լրագրողների նկատմամբ անթույլատրելի ուժային մեթոդների և սպառնալիքների կիրառումից: Այդ մարդիկ, առանց այդ էլ ստորացված ու ճնշված՝ վերջին տարիներին Հայաստանում և Արցախում տեղի ունեցած գործընթացներից, այսօր ստիպված են դուրս գալ խաղաղ ցույցերի՝ բարձր դասելով երկրի շահերը  և իրենց զավակների ապագան: Դուք նույնպես ամեն ինչ արեք, որպեսզի ձեր զավակները կարողանան հպարտությամբ նայել իրենց հայրենակիցների աչքերին, այլ ոչ թե ամոթից հայացքները թեքեն:

Նաև նախազգուշացնում ենք տարատեսակ զանգվածային լրատվամիջոցներին՝ սկսած տարբեր բլոգերներից և տելեգրամ ալիքներից, մինչև ինտերնետ կայքեր, այլ էլեկտրոնային և տպագիր լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, նրանց կողմից կեղտոտ տեխնոլոգաների միջոցով, զրպարտությամբ, վիրավորանքով և այլ հակահասարակական գործողություններով հասարակությանը մոլորության մեջ գցելու անթույլատրելիության մասին:

Մենք համոզված ենք, որ միայն մեր համախմբումը կարող է կասեցնել յուրաքանչյուր հայի համար կործանարար այս գործընթացները և վերականգնել բարձր ինտելեկտուալ ու մարդկային կարողություններ ունեցող ազգի համբավը:

Մենք Ճշտի և Արդարության կողմից ենք:

Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ