Մինչեւ 2025 թվականի ամառ ամբողջությամբ կավարտվի Հյուսիս-Հարավ միջանցքի շինարարությունը Երեւանից Գյումրի հատվածում։ Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա վստահեցրեց, որ բոլոր տեղամասերում ակտիվ գործընթաց է ընթանում։ Սանոսյանն ասաց, որ Քաջարան-Ագարակ հատվածում շինարարության նախապատրաստական աշխատանքներ են տարվում, շուտով Քաջարանի թունելի կառուցման մրցույթ կհայտարարվի։
Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստորագրել են վարկային համաձայնագիր՝ Երևանին 236 մլն եվրո հատկացնելու ճանապարհի հարավային հատվածի կառուցման համար։
Սանոսյանը պարզաբանեց, որ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի ողջ հարավային հատվածը բաժանված է հյուսիսային, հարավային և կենտրոնական մասերի։ «Հարավային հատվածի հարավային հատվածում աշխատանքներն ավարտելու համար պահանջվում է 373 մլն եվրո։ Մնացած միջոցները (137 մլն եվրո – խմբ.) ակնկալում ենք հավաքագրել Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցությամբ, և արդեն կա պայմանավորվածություն։ Հայաստանը կունենա նաև բյուջետային մասնակցություն. Հյուսիս-Հարավ մայրուղու ողջ հարավային հատվածի կառուցման համար նախատեսված է ավելի քան 700 մլն եվրո վարկային միջոցներ»,- նշեց նա։