Սա է մեր ուզածը, ընտանիք առ ընտանիք, բարեկամություն առ բարեկամություն, որ քայքայվել են մեր մեջ, վերականգնել, ապաքինել մեր կյանքը: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ Սրբազանը:
«Ինձ մի տղա մոտեցավ, ասաց, որ երեք տարի առաջ տիկնոջից բաժանվել է: Գիտե՞ք ինչ պատճառով, այս քաղաքական իրավիճակի պատճառով. մեկը մի կողմն է եղել, մյուսը՝ մի: Այդ վիճաբանությունների ամբողջ շարքի մեջ ընտանիքի ներսում, որոշել են իրարից հեռանալ: Երեկ այդ տղան ասաց՝ կինս և երեխաս այստեղ են, և ես գնացել և հանդիպել եմ իրենց հետ»,-պատմեց Բագրատ Սրբազանը՝ նշելով, որ շարժման նպատակներից մեկն էլ նման քայքայված ընտանիքները հաշտեցնելն է:
«Այս չքնաղ երկիրը, որ մենք ստացել ենք ժառանգաբար, այս հրաշք ժողովուրդը, որ անընդհատ մամլիչի տակ ապրելուց բացի ուրիշ բան չի տեսել, ի՞նչ մեղք ունեն: Ինչո՞ւ պիտի ժողովուրդը դարձի ճանապարհ չապրի, հույսի զգացումը կորցնի, հաշտության ուրախությունը չապրի: Անընդհատ քայքայվելու մեջ ի՞նչ հաճույք կա, ոչ մի»,-հավելեց Բագրատ Սրբազանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ թեև անձրևը դեռ չի դադարել, սակայն Բագրատ Սրբազանը համախոհների հետ դուրս է եկել եկեղեցու բակ՝ ամփոփելու օրը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից քաղաքացիները փակել էին ինչպես մայրաքաղաքի, այնպես մարզերի մի շարք ավտոճանապարհներ։
Խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում բերման էր ենթարկվել 156 անձ, նրանցից շատերի նկատմամբ կիրառվել էր բիրտ ուժ։ Բերման ենթարկվածները ժամեր անց ազատ էին արձակվել: Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Հանրապետության հրապարակից սկսել էին նաև շրջայց դեպի Նկարիչների միություն, Գրողների միություն, ԳԱԱ պատմության ինստիտուտ և վերադարձել Հանրապետության հրապարակ:
Նկարիչների և Գրողների միությունում Բագրատ Սրբազանին դիմավորել էին միությունների ղեկավարները, իսկ ԳԱԱ-ում դռները փակ էին, արդյունքում Բագրատ Սրբազանը չկարողացավ ներս մտնել: Փոխարենը նրան սպասում էին ԳԱԱ պատմության ինստիտուտում: Նշենք, որ Բագրատ Սրբազանը փորձել էր մտնել ԱԺ եւ սուրճ խմել, սակայն չէր կարողացել շենք մտնել՝ անձնագիրն իր մոտ չունենալու պատճառով: