ՌԴ կառավարությունը վայր դրեց լիազորությունները, տեղեկացրել է Правительство РФ. Коротко» Թելեգրամ-ալիքը։
«Միխայիլ Միշուստինը ստորագրել է կարգադրություն կառավարության նոր ընտրված նախագահի առջեւ լիազորությունների դադարեցման մասին »,- նշվել է հաղորդագրությունում։
Սահմանադրության համաձայն՝ կառավարությունը լիազորությունները վայր է դնում պաշտոնն ստանձնած պետության ղեկավարի առջեւ։ Նախարարներն ինքնաբերաբար ստանում են պաշտոնակատար մակդիրը եւ շարունակում աշխատել մինչեւ նոր կառավարության ձեւավորումը։
Նոր կանոնների համապատասխան՝ վարչապետ նշանակում է նախագահը Պետդումայի կողմից թեկնածության հաստատումից հետո։ Դրա համար նախատեսված է երկու շաբաթ։ Կառավարության նոր ղեկավարը նախագահին է ներկայացնելու գործադիր իշխանության կառուցվածքի իր տեսլականը եւ հետո Պետդումային առաջարկելու է փոխվարչապետերի եւ նախարարների թեկնածություններ, բացի ուժային բլոկի եւ ԱԳՆ ղեկավարներից։ ՊՆ, ԱԴԾ, ՆԳՆ, արդարադատության, ԱԻՆ եւ ԱԳՆ ղեկավարներին նշանակում է պետության ղեկավարը Դաշնության խորհրդի հետ խորհրդակցություններից հետո։
Միխայիլ Միշուստինի կառավարությունն աշխատում է 2020թ. հունվարի 21-ից։