News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Մինչ երեկվանից այս դահլիճում շնորհակալություններ են հնչում ՄԻՊ-ի տարեկան հաղորդման համար, և լուրջ դեմքերով քննարկվում է, թե ինչ կարևոր են մարդու իրավուքները, մեզնից 2 ժամ հեռավորության վրա՝ Տավուշում, մոռացության է տրվել, որ մարդը բարձրագույն  արժեք է, որ մարդու իրավունքները պետք է պաշտպանվեն: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ նիստի ժամանակ ասաց պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«Մենք գնում ենք լեգիտիմ սահմանազատման, սակայն մյուս կողմը նման բան չի ասում: Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն:  Բայց այսօր քո տունը, հողը, պատմությունը, հիշողությունները սակարկելու և հանձնելու առարկա են: Ի՞նչ էիք ասում էս մարդկանց 2021 թվականի Աժ ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Ասե՞լ եք, որ 2024 թվականին նրանց սպասում է ադրբեջանցու ուղիղ նշանառություն: Էդ մարդիկ հավատում էին ձեզ»,-հավելեց պատգամավորը՝ դիմելով իշխանությանը:

Էլինար Վարդանյանը՝ խոսելով տավուշցիների իրավունքների մասին, ասաց, որ սահմանների հարցը չի կարելի սահմանազատել մարդուց. դրա առանցքում մարդու անվտանգ կյանքն ու իրավունքների իրացումն է:

«Վտանգի տակ է դրվելու մարդկանց կյանքի իրավունքը, ադրբեջանական դիրքերն ամրացվելու են մարդկանց կյանքի հաշվին, և խնդրում եմ սահմանապահների մասին երազանքները որպես հակափաստարկ չբերել: Ձեր վարչապետն է ասում՝ չկա երաշխիք, որ պատերազմ չի լինելու»,-ասաց Էլինար Վարդանյանը՝ դիմելով պատգամավորներին:

Նրա խոսքով, Կիրանցում մարդիկ զրկվելու են ազատ տեղաշարժի իրավունքից, քանի որ գյուղը զրկվելու է իր հիմնական ճանապարհից, իսկ բնակիչներին առաջարկվող այլընտրանքային ճանապարհը լինելու է ադրբեջանական զինված դիտարկման ներքո: Նա շեշտեց, որ Ոսկեպարում խմելու և ոռոգման ջրի ակունքները նույնպես հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո: Բնակիչներից շատերը ստիպված են լինելու լքել իրենց տները, խախտվելու է մարդկանց սեփականության, ազատ և արժանապատիվ կյանքի, երեխաների կրթության իրավունքը:

«Երեկ իշխանությունը Տավուշում անհամաչափ ուժի կիրառմամբ բերման էր ենթարկում 24 քաղաքացու՝ այդ թվում, անչափահասների: Իսկ այս դահլիճում իշխանական պատգամավորները համոզում էին ՄԻՊ-ին, որ ասի՝ բռնություն չի եղել: Պատգամավորները շատ ուշադիր նայել են լրատվամիջոցների նյութերը, բայց բռնություն չեն տեսել, չեն լսել նաև, որ ոստիկաններին հորդորում են խփելով աշխատել: Այս իշխանությունն անցնում է բոլոր կարմիր գծերը»,-ասաց Էլինար Վարդանյանը:

«Ձերբակալված Սամվել Վարդանյանին, որի պատասխանատուն և երաշխավորը պետությունն է, ՁՊՎ տեղափոխելիս դաժան ծեծի են ենթարկում, նվաստացնում դիմակավոր անձինք: Սա է մեր իրականությունը: Արդեն դիմակավորված բանդաներն են հարցեր լուծում՝ իրավապահների թողտվությամբ»,-հավելեց պատագամավորը՝ խոսելով Հայաստանում մարդու իրավունքների մասին:

Էլինար Վարդանյանը նշեց, որ 2023 թվականի սեպտեմբերյան ողբերգության ժամանակ հավաքներին մասնակցելու համար՝ էլի բռնության կիրառմամբ, 700 քաղաքացի էր բերման ենթարկվել, 70 քաղաքացի ձերբակալվել էր՝ այդ թվում, անչափահասներ:

«Այ, էսպես խորը և համապարփակ հարգանքով են վերաբերվում հավքների ազատության իրավունքին»,-հավելեց պատգամավորը:

Տպել
Ամենաշատ