ԱՄՆ Պետդեպարտամենտը երկուշաբթի արձագանքել է Բաքվում Ընտրությունների դիտորդական կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի կալանավորմանը։
«Մենք խորապես մտահոգված ենք Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շարունակվող ձերբակալություններով, մասնավորապես՝ Անար Մամեդլիի», - հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Երկուշաբթի օրը Մամեդլիի կալանավորումը վերջինն էր քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների ձերբակալությունների շարքից:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին», - ադրբեջանական Turan-ին ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
«Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից»,- նշել է նա:
Մամեդլիի կալանավորումը տեղի է ունեցել ընդամենը մեկ օր այն բանից հետո, երբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը խոսել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որտեղ նա «Ադրբեջանին կոչ է արել պահպանել իր միջազգային և մարդու իրավունքների պարտավորությունները և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն կալանավորվածներին», - ասել է Պետդեպարտամենտը: