Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հիմքում նաև իրավական փաստաթուղթ կա, սակայն ընդդիմությունը փորձում է հանրության զգայական դաշտի վրա խաղալ և կեղծ օրակարգեր առաջ քաշել։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը:
«Որևէ տարածքի հանձնում տեղի չի ունենում, ինչի մասին ամենաբարձր մակարդակով բազմիցս ասվել է: Ինչ վերաբերում է ճանապարհներին, դրանք ընդամենը ճշգրտման կարիք ունեն, և այդ սահմանների վերահաստատման գործընթացում պետք է հասկանալ այդ ճանապարհների պատկանելությունը կամ դրանց տեղանքը:
Մարդիկ արտահայտել են մտահոգություններ, ոչ թե դեմ են: Որեւէ մեկը դեմ չէ, որ ունենանք միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Խնդիրը զուտ մտահոգություններն են եւ նաեւ գեներացվում են դժգոհություններ կեղծ հրապարակ նետված թեզերի պատճռով, որ տեղի են ունենում միակողմանի զիջումներ»,- ասաց պատգամավորը:
Նա համոզմունք հայտնեց, որ որ կետից էլ սկսվեր սահմանազատումը, միեւնույն է դժգոհություն լինելու էր:
Պատասխանելով այն հարցին, թե ինչ է տալու գործընթացը Հայաստանին՝ նշեց.
«Հայաստանը ստանալու է միջազգայնորեն ճանաչված պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար»: