News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Քիչ առաջ տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է սահմանամերձ գյուղերի բնակիչների պայքարին, հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

Նրանց Կիրանցում հավաքվածները ծափահարություններով ու ոգևորությամբ են դիմավորել։

«Առաջին օրվանից էլ մեզ հետ են եղել տղաները․ իրար հետ ենք ծառայել, երկար ճանապարհ անցել, իրենք այսօր վստահում են ինձ ու ժողովրդի կողքին են»,- ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հաջողվել է հանդարտեցնել իրավիճակը: Առանց պետհամարանիշի մեքենայի համար ճանապարհ բացելու համար սեւբերետավորները սկսել են ուժ գործադրել հավաքվածների նկատմամբ, այդ թվում՝ կանանց:

Բագրատ Սրբազանը հայտնեց, որ մեքենայում գտնված անձինք բախման ժամանակ դուրս են եկել մեքենայից և հեռացել, և ճանապարհը փակելն այլևս անիմաստ է: Տավուշի թեմի առաջնորդը խորհուրդ տվեց քաղաքացիներին բացել ճանապարհը և թույլ տալ դատարկ մեքենաներին հեռանալ:

NEWS.am-ի հետ զրույցում Կիրանցի բնակիչներից մեկը տեղեկացրել է, որ բախման ժամանակ ոստիկանները լուսաձայնային նռնակներ են կիրառել, ինչի հետևանքով մի քանի բնակիչ թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Նրանցից ոմանք շտապօգնության մեքենայով ավելի ուշ տեղափոխվել են բուժկենտրոն։ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանն ավելի ուշ հայտնել է «Արմենպրես»-ին, որ ոստիկանները լուսաձայնային նռնակ կամ հատուկ այլ միջոց չեն կիրառել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ տավուշցիները շրջափակել էին ճանապարհով անցնել ցանկացող մեքենաներից մեկը, և պահանջում էին մեքենայի մեջ գտնվող անձանց՝ դուրս գալ: Նրանք ասում էին, որ իրենց տեղեկություններով՝ այդ մեքենայի մեջ քարտեզագրման աշխատանքներ իրականացնողներն են եղել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ