Փողոցային պայքարը, առաջին հերթին, ուղղված է ուժային կառույցներում ճեղքվածք առաջացնելուն, որը կարող է թուլացնել իշխանության դիրքերը։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ըստ նրա՝ 2022 թվականին հասարակությունը գրեթե հասնում էր այդ նպատակին։ Հակոբյանը նշել է, որ Դիմադրության շարժման ակցիաների ժամանակ փողոցում մարդկանց թիվը չէր զիջում 2018-ի ակցիաների ժամանակ փողոց դուրս եկած մարդկանց թվին, պարզապես Նիկոլ Փաշինյանը կարողացել է առավելագույնս օգտագործել ռեսուրսները։
«Որպեսզի ուժային կառույցները դադարեցնեն անօրինական հրամաններ կատարելը կամ անհամաչափ ուժ չկիրառեն, նրանք պետք է սկսեն վախենալ ապագա գործընթացներից, նրանց ուղեղներում պետք է սերմանվի իշխանափոխության կասկածը։
Եթե փողոցում գոնե 10 հազար մարդ լինի, դա եղանակ կստեղծի, քանի որ այս դեպքում ոստիկանների համար դժվար կլինի պայքարել այն գործիքներով, որոնք հիմա կիրառում են։ Բայց կրիտիկական զանգված հասկացությունն ինչ-որ ստանդարտ թիվ չի»,- նշել է Հակոբյանը։
Փորձագետի գնահատմամբ՝ մինչև 2018 թվականի ապրիլի 22-ը փողոցում կրիտիկական զանգվածը չէր գերազանցում 30 հազար մարդը։
«Երբ հասարակության մեջ ապատիա է տիրում, և ամեն ինչ որոշում է փողոցը, հաղթում է այն ուժը, որը վայելում է փողոցի աջակցությունը։ Փողոցային պայքարի պայմաններում ոչ մի իշխանություն ինքնակամ չի հեռանում, դա միշտ էլ ճնշման արդյունք է: Իշխանությունը պետք է հաշվի առնի ոչ միայն ընտրազանգվածային, իմիջային, ուժային և այլ ռեսուրսներ, այլև՝ հաշվի նստի արտաքին խաղացողների արձագանքի հետ։ Երբ ռեսուրսների մեծ մասը սպառվում է, ժամանակ իշխանությունը հեռանում է: Ընդ որում, ոմանք հեռանում են դեմքը փրկելով, ոմանք էլ՝ ոչ»,- հավելել է փորձագետը։
Վիգեն Հակոբյանը շեշտել է, որ իշխանափոխության հարցում ճանապարհ փակելը ռազմավարական տեսանկյունից ինքնանպատակ չի կարող լինել, այլ միայն գործոններից մեկն է։