News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետի անցած ճանապարհը (հռետորաբանություն, արտաքին քաղաքական գլուխկոնծիներ և այլն) շատ նման է Սահակաշվիլիի անցած ճանապարհին, և ամեն ինչ կարող է ավարտվել նույն կերպ։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշել է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի ժողովուրդը հասկացել է, որ իրեն 4 տարի շարունակ խաբել, մոլորության մեջ են գցել՝ խաղաղություն խոստանալով։

«Հայաստանի իշխանությունների բոլոր առանցքային հասկացությունները կապվել են խաղաղության հետ. « խաղաղության խաչմերուկ», «խաղաղության պայմանագիր» և այլն։ Դա արվում էր միտումնավոր, քանի որ ժողովուրդը պատերազմից հետո խաղաղություն էր ուզում։ Իշխանությունները խոստացան, որ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, հետո պարզվեց, որ ոչ մի պայմանավորվածություն ձեռք չի բերվել, երբ Ալիևը նախընտրական շրջանում հերքեց այդ ամենը՝ ակնարկելով, ըստ էության, Ալեքնադրոպոլի պայմանագրի վավերացման անհրաժեշտությունը։ Պարզվեց, որ 2020 թվականից ի վեր եղած խնդիրները ոչ մի կերպ չեն լուծվել»,- նշել է Հակոբյանը։

Վերլուծաբանի գնահատմամբ՝ ժողովուրդը հասկացավ, որ ոչ մի խաղաղություն էլ չկա, փոխարենը պատրաստվում են կապիտուլյացիայի։

«Հիասթափություն է նկատվում նաև 2021 թվականին Փաշինյանի օգտին քվեարկած նրա ընտրազանգվածի շրջանում։ Այն, որ իշխանությունները վատնել են իրենց ընտրական ռեսուրսը, ցույց տվեցին Երևանի ընտրությունները, որոնց ժամանակ ռեժիմը ջախջախիչ պարտություն կրեց։ Եթե ​​նախկինում իշխանությանն աջակցում էր ընտրողների 80%-ից ավելին, ապա ներկայում՝ միայն ​​8-9%-ը։ Հակառակ դեպքում իշխանությունները մարդկանց դուրս կհանեին փողոց՝ նրանց իրար դեմ հանելու համար։ Ընտրողների 8 տոկոսի աջակցությունը նշանակում է նաև բանակցությունների արտաքին լեգիտիմության կորուստ»,- հավելել է Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը նշել է, թե պայքարի դուրս եկած մարդկանց գայթակղել է այն, որ Տավուշի շուրջ տեղի ունեցող գործընթացների առնչությամբ դիմադրության թիկունքում կանգնած չի այս կամ այն կուսակցությունը:

«Հասարակության մեջ կոնսենսուս է ձևավորվել, որ Փաշինյանը պետք է հեռանա, բայց կոնսենսուս չկա, թե ով պետք է նրան փոխարինի։ Սա այն հարցն է, որն այժմ կախված է օդում։ Մեր հասարակության համար լիդերության խնդիրը անչափ կարևոր նշանակություն ունի»,- ընդգծել է փորձագետը։ Նա հավելել է, որ հիմա շատ կարևոր է եկեղեցու դերը, քանի որ ի դեմս եկեղեցու նոր ակտիվ գործոն գոյություն ունի։ Եկեղեցին միակ գործող ինստիտուտն է, որն իշխանությունները ի վիճակի չեն եղել քայքայել կամ թուլացնել։

«Եկեղեցու գործոնը սպառնալիք է իշխանությունների համար, քանի որ եկեղեցին դարերի ընթացքում ձևավորված լուրջ իմունիտետ ունի թշնամիների դեմ, իսկ իշխանությունները ներկայում եկեղեցու ներքին թշնամին են։ Իշխանությունները չկարողացան գործիքներ գտնել որպես հայապահպանության գործոն հանդես եկող եկեղեցու դեմ»,- ընդգծել է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ