Մեծ Բրիտանիայի կառավարությունը հասել է խորհրդարանի երկու պալատների կողմից անօրինական ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրինագծի հաստատմանը: Օրինագիծը, որը Լորդերի պալատը օրվա ընթացքում մի քանի անգամ վերադարձրել էր Համայնքների պալատ՝ ուղղումներ պահանջելով, ընդունվեց միայն կեսգիշերից հետո:
Վարչապետ Ռիշի Սունակը պնդել է, որ օրինագծի քվեարկության մնացած բոլոր փուլերն ավարտվեն մինչև երեքշաբթի, նույնիսկ եթե հարկ լինի, որ պատգամավորները գիշերն անցկացնեն խորհրդարանի շենքում: Հունվարի 17-ին օրինագիծը երրորդ ընթերցմամբ հավանության էր արժանացել Համայնքների պալատի կողմից, սակայն Լորդերի պալատը երեք ամսից ավելի փոփոխություններ է պահանջել, որոնք Ռուանդա ուղարկվող անօրինական ներգաղթյալների իրավունքների հարգման լրացուցիչ երաշխիքներ կտան: Օրենքի ուժ ստանալու համար օրինագիծը մոտ օրերս պետք է հաստատի Չարլզ III թագավորը։ Սունակն ասել է, որ իր կաբինետը ակնկալում է, որ անօրինական ներգաղթյալներով առաջին ինքնաթիռը Մեծ Բրիտանիայից Աֆրիկա կթռչի 10-12 շաբաթվա ընթացքում:
Ռուանդա անօրինական ներգաղթյալներին ուղարկելու ծրագիրը ներկայացվել է գրեթե երկու տարի առաջ Բորիս Ջոնսոնի կաբինետի կողմից։ Մինչև այժմ այն չի իրականացվել բրիտանական դատարանների դիրքորոշման պատճառով, որոնց կարծիքով, Ռուանդա արտաքսվող ներգաղթյալներին կարող են արտաքսել իրենց հայրենիք, որտեղ նրանց կյանքն ու առողջությունը կարող է վտանգված լինել։ Դրան դեմ է արտահայտվել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։
Այս խոչընդոտը շրջանցելու համար Սունակի կառավարությունը Ռուանդայի հետ ստորագրեց նոր համաձայնագիր, որը կոչված էր բացառելու այդ հնարավորությունը, ինչպես նաև նոր օրինագիծ ներկայացրեց: Այն Ռուանդան հռչակում է անվտանգ երկիր, ինչպես նաև ներառում է միջոցառումներ, որոնք սահմանափակում են այս հարցը դատարանում վիճարկելու վտարվածների հնարավորությունը: Լոնդոնի և Կիգալիի միջև կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ թագավորությունից արտաքսված անօրինական ներգաղթյալները կկարողանան ապաստան խնդրել Ռուանդայում կամ այլ «անվտանգ երրորդ երկրներում», և հիմնականում չեն կարողանա վերադառնալ Մեծ Բրիտանիա: