News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել և սահմանազատում իրականացնել միայն այն տարածքներում, որոնք Ադրբեջանը պահանջում է և որոնք առաջնային են Ադրբեջանի համար՝ չնայած չունի որևէ երաշխիք, որ Ադրբեջանը կարող է զորքերը հետ քաշել օկուպացրած տարածքներից։ Այս մասին է վկայում ՀՀ կառավարության ուղղված «Փաստինֆոյի» հարցման գրավոր պատասխանները։ Նկատենք, որ ներքոնշյալ հարցերին պատասխանելու համար Փաշինյանի աշխատակազմին պահանջվել է 1 ամիս. լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն էին տեսել։

ՀՀ այն մակետը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իր վերջին ասուլիսում, ինչ քարտեզների հիման վրա է կազմվել:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը՝ հիմք ընդունելով 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը, համաձայն որի՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանները՝ համաձայն իրավական հենք ունեցող տոպոգրաֆիկ քարտեզների:

 Ըստ այդ մակետի՝ ՀՀ տարածքը քանի՞ քառակուսի կիլոմետր է: Որն է այդ մակետի իրավական հիմքը, ում կողմից է պատրաստվել:

Ըստ այդ մակետի՝ ՀՀ տարածքը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր է և դրա իրավական հիմքն Ալմա-Աթայի հռչակագիրն է և իրավական հենք ունեցող տոպոգրաֆիկ քարտեզների վերլուծության արդյունքները:

Արդյո՞ք Ադրբեջանը համաձայնել է ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունն այդ ընդգրկմամբ, որը ներկայացված է այդ մակետում:

Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը վերահաստատվել է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած քառակողմ հանդիպման ընթացքում, և դա արձանագրվել է գրավոր: Հետագայում այդ պայմանավորվածությունը Ադրբեջանի և Հայաստանի կողմից վերահաստատվել է Սոչիում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին և Բրյուսելում 2023թ. մայիսի 14-ին և հուլիսի 15-ին: Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2024թ. ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը կրկին վերահաստատել է Ադրբեջանի հավատարմությունը Պրահայի պայմանավորվածություններին և Ալմա-Աթայի հռչակագրին:

Ինչու՞ սահմանազատման գործընթացը չի շարունակվում նախ և առաջ Սյունիքի մարզից, որտեղ դեռ 2020 թ.-ի պատերազմից հետո ադրբեջանական կողմը սկսել էր սահմանագծում իրականացնել՝ ներկայացնելով GPS քարտեզները:

Այս հարցը քննարկելիս հիմք է ընդունվում այն հանգամանքը, որ դա սահմանի ամենաբարդ հատվածներից մեկն է, նաև այն պատճառով, որ Ադրբեջանը բարձրացնում է և Հայաստանի դեմ միջազգային ատյաններում օգտագործում է ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ Ադրբեջանական ԽՍՀ 4 գյուղերի հարցը, որոնք չեն եղել Հայկական ԽՍՀ տարածքում:

Արդյո՞ք հայկական կողմը պատրաստակամ է միակողմանի դուրս գալ Ադրբեջանի կողմից պահանջված տարածքներից, քանի դեռ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, որոնք օկուպացրել է 2020 թ.-ից հետո:

Որոշ կարևոր սկզբունքների շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու պարագայում, հայկական կողմը պատրաստ է այդ հատվածում սահմանազատման և սահմանազատման արդյունքների իրագործման, եթե ապահովված լինեն անվտանգային, իրավական և սոցիալական անհրաժեշտ երաշխիքները:

Հայկական կողմն ունի՞ վստահություն, որ, օրինակ, Տավուշի ներկայիս դիրքերից զորքերը հետ քաշելու հետ միաժամանակ ադրբեջանական կողմը նույն կերպ կհանձնի նաև Բերքաբերի օկուպացված տարածքները, զորքերը դուրս կբերի ՀՀ ինքնիշխան այն տարածքներից, որոնք օկուպացրել է 2020 թվականից հետո:

ՀՀ դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի ողջ սահմանը պետք է սահմանազատվի նույն տրամաբանությամբ և նույն սկզբունքներով՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

ՀՀ-ն պատրա՞ստ է միակողմանի բարի կամք դրսևորել ու զորքերը հետ քաշել՝ անկախ Բաքվի գործողություններից:

Վերը նշված պատասխանները ներառում են նաև այս հարցի պատասխանը:

Տպել
Ամենաշատ